Ռազմադաշտում ունեցել ենք պարտություն, որովհետև անհամաչափ ուժերի դեմ են մեր զինվորները պայքարել։ Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը։
Նա չմեկնաբանեց, թե ինչպիսին է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը։
Նախարարի գնահատմամբ՝ եռակողմ հայտարարության դրական կողմը Հայաստանի համար այն էր, որ պատերազմը դադարեց։
Անդրադառնալով իր անվան հետ կապվող շրջանառվող լուրերին, Արա Այվազյանն ասաց, որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, թե ինքն ինչ մարդ է։
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը օրեր առաջ է նշանակվել Արտաքին գործերի նախարար՝ Զոհրաբ Մնացականայանի հրաժարականից հետո։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






