ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է երկրում սեպտեմբերի 27-ից հաստատված ռազմական դրությունը վերացնելու հարցը։
«Ռազմական դրությունը վերացնելու մասին» նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հիմնավորմամբ՝ պատերազմն ավարտվել է, զորահավաք էլ չի կազմակերպվում, և ռազմական դրությունը շարունակելու անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների կողմից առաջարկված «Հայաստանում ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի անդամները դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագծին։
Ի դեպ, երեկ Պաշտպանության հանձնաժողովի նիստին ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյան ասել է, որ իրենք դեմ չեն ռազմական դրության վերացմանը, բայց երկրի սահմանների պահպանման անհրաժեշտություն կա։
«Հենց մենք թողնում ենք առաջնագիծը՝ հակառակորդը գալիս և մտնում է: Դրա համար մենք պիտի ունենանք մարդ՝ առաջին հերթին կանգնած հենակետերում, սահմանին: Երկրորդ՝ դրանից հետո ինչպե՞ս ենք կազմակերպելու սահմանների պաշտպանությունը: Առաջարկում ենք անցկացնել եռամսյա վարժական հավաքներ և կազմակերպել սահմանային ծառայությունը մինչև Զինված ուժերը արդեն վերջնական կառուցվածքով կկազմակերպվեն։ Սահմանային ծառայությունը կկազմակերպվի սահմանային զորքերի՝ մեր ԶՈՒ միջոցով, որը քննարկման փուլում է»,- նշել էր նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






