Հայտնի վերլուծաբան Բեն Յուդահը զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա POLITICO պարբերականում անդրադարձել է այդ հարցազրույցին՝ հոդված հրապարակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այն թարգմանաբար, մասնակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
Հայաստանի նախագահ Ամեն Սարգսյանն ասում է, որ Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են ներկայացնում նաև Եվրամիության համար:
Հայաստանի նախագահը պատասխաններ է ակնկալում ՆԱՏՕ-ից՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին Թուրքիայի ներգրավման առնչությամբ: Արմեն Սարգսյանն ասում է, որ պատրաստ է մեկնել Բրյուսել՝ Կովկասում Անկարայի գործողությունների շուրջ տրանսատլանտյան դաշինքին դեմ առ դեմ ասելու և Եվրամիությանը նախազգուշացնելու այն սպառնալիքի մասին, որ դրանք ներկայացնում են դաշինքի անվտանգության համար:
«Եթե գնամ Բրյուսել, կցանկանամ խոսել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, թե ինչո՞վ է պայմանավորված այս շատ տարօրինակ իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ներքաշվում է մի պատերազմի մեջ, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է պատահում, որ ՆԱՏՕ-ի անդամը գործում է այդքան ազատ, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նրա առաջ կանաչ լույս է վառել»,— ասաց Հայաստանի նախագահը POLITICO-ին տված հարցազրույցում:
Թուրքիան աջակցեց իր ավանդական դաշնակից Ադրբեջանին, երբ անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը սրվեց: Մարտերը հարյուրավոր կյանքեր են խլել, երկու կողմերը միմյանց մեղադրել են խաղաղ բնակիչների սպանության մեջ:
Սարգսյանը նաև նշեց, որ պատրաստ է մեկնել Փարիզ, Լոնդոն և Բեռլին՝ Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայի ղեկավարներին ներկայացնելու համար. «Պատրաստ եմ Անգելա Մերկելին ասել, որ ես հասկանում եմ՝ Եվրոպան զբաղված է այլ գործերով, որ բոլորը զբաղված են COVID-19- ով, բայց, հարգելի տիկին կանցլեր, այն, ինչ դուք, հավանաբար, պարզ չեք տեսնում, Կովկասից դեպի ձեզ եկող մեկ այլ աղետ է, որը ոչ թե կենսաբանական, այլ անկայունության և պատերազմի վիրուս է»:
Սարգսյանը պնդում է, որ Թուրքիան ցանկանում է «ոչ միայն դաս տալ Հայաստանին և ասել, թե ինչ է տեղի ունեցել 105 տարի առաջ, այլև ասել՝ «ինչո՞ւ չեք լռում, հայեր, դուք ևս մեկ ցեղասպանության կենթարկվեք 2020 թվականին, և դա կարող է տեղի ունենալ միջազգային հանրության աչքերի առաջ»:
Թուրքիան և Ադրբեջանն ասում են, թե Բաքվի պատերազմը միտված է ազատագրելու օկուպացված տարածքները, որոնք միջազգայնորեն Ադրբեջանի մաս են ճանաչված:
Այդուհանդերձ, Սարգսյանը պնդում է. «Նրանք պատերազմ են մղում էթնիկ զտում իրականացնելու նպատակով՝ այդ տարածքը հայերից մաքրելու համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






