Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:40

Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ Երեմ Սարգսյան

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։ Այս մասին պաշտպանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․

«Տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանի կողմից բեկանելուց և վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ դատախազի և պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելուց հետո, Գագիկ Ծառուկյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու ընթացքում և դրա շրջանակում տեղեկություններ ենք ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի և Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Ընդ որում, անկանխատեսելի որոշումներից խուսափելու նպատակով «որոշվել» է վճռաբեկ բողոքներն այն ժամկետներում մերժել և այն ժամկետներում գործը մուտքագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գործի մուտքագրումը համապատասխանի Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակահատվածին, որտեղ էլ նախապես որոշված կարգով դատական գործը պետք է մակագրվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով էլ արագ կարգով պետք է քննի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացնի։

Քանի որ պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են նաև այս տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ և ապացույցներ, ինչպես նաև մատնանշել ենք այնպիսի ապացույցների առկայության մասին, որոնք կարող են ձեռք բերվել քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու պարագայում՝ քննչական և դատավարական գործողությունների միջոցով, ուստի այդ փաստերի շարադրմամբ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։

Հաղորդման մեջ նաև մատնանշվել են իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կատարված՝ պրակտիկայից և սովորականից տարբերվող այնպիսի գործողություններ, որոնք վկայում են Գագիկ Ծառուկյանի գործով այդ անձանց ակնհայտ շահագրգռվածության և խտրական վերաբերմունքի վերաբերյալ, որոնք կատարվել են հենց կալանավորման միջնորդության քննությունն արագ կարգով և հատկապես Կենտրոն նստավայրում ու նախընտրած դատավորի կողմից ապահովելու հատուկ ջանասիրությամբ։

Տեղին է նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, այսինքն՝ իրավունք ունի, որ իր վերաբերյալ գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից։
Իսկ վերը նշված փաստական հանգամանքներն առնվազն ողջամիտ հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ Ծառուկյանի այդ իրավունքն ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից դիտավորյալ կերպով խախտվում է։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին և որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով։

Ավելին, նույն օրենսգրքի 308-րդ հոդվածով քրեական պատասխաանտվություն է նախատեսված հետևյալ աարքի համար․«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»։

Իսկ նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։

Հուսով ենք, որ իրավասու մարմինները կգործեն առանց կաշկանդվածության, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ կհարուցեն քրեական գործ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձանց պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն»,- գրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+