«ԱԱԾ-ն այն ջանասիրությամբ ու էնտուզիազմով, որով գաղտնալսումներ է իրականացնում քաղաքական դաշտի ընդդիմախոսների նկատմամբ, եթե զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու և դրանք բացահայտելու ուղղությամբ, մենք բավականին լուրջ քայլ կունենայինք»։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Դոսյե» կենտրոնի հրապարակած աղմկահարույց հոդվածին, որում շոշափվում էր նաև Գագիկ Ծառուկյանի անունը:
«Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ, և այստեղ որևէ աշխարհասասան բան պետք չէ փնտրել։ Լուրջ անելիք ունի ԱԱԾ-ը. ներքին թշնամիների կամ չակերտավոր, մտացածին թշնամիների դեմ պայքարելու փոխարեն, եթե իրենց ներուժը և ռեսուրները օգտագործեն արտաքին վտանգները և հնարավոր մարտահրավերները բացահայտելու և կանխարգելելու ուղղությամբ, մենք նմանօրինակ խնդիրների չենք բախվի»,- ընդգծեց պատգամավորը։
Դիտարկմանը, թե մեր երկրում կա՞ն նման ուժեր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը պատասխանեց, որ ԱԱԾ պետը չէ, և անուններ տալ կամ ինչ-որ բան պնդելու պատասխանատվություն իր վրա չի վերցնի։
«Օգնենք մեր ԱԱԾ-ին և հիշեցնենք, որ «Դոսյե» կայքը, օդում կախված լուրերի համաձայն, պատկանում է Միխայիլ Խադարկովսկուն, ով ամենահայտնի ռուս ընդդիմադիր գործիչներից է։ Այն տեղեկատվությունը, որը հայտնվում է «Դոսյե»-ում, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ հնչեցնում»։
Հիշեցնենք, որ ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հոդված էր հրապարակվել, որում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել, այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։ Ըստ «Դոսյե»-ի` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում՝ ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






