Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 118 կողմ ձայնով ընդունեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն կառույցի բնականոն գործունեության համար:
Փոփոխություններով նախատեսվում է «քննչական կոմիտեի ծառայողներ» հասկացությունը փոփոխել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով:
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում ամրագրված է՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին դեռևս 2014 թվականին ընդունված օրենքը: Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել և Քննչական կոմիտեի դեպարտամենտը վերացնել, այդ աջակցող սուբյեկտները պետք է, ըստ նախագծի, կոչվեն աջակցող մասնագիտական վարչության աշխատակիցներ: Այսինքն՝ դեպարտամենտին եկել են փոխարինելու աջակցող մասնագիտական մարմինները, որոնք լինելու են վարչությունների և բաժինների տեսքով:
Փոփոխությունով քննչական կոմիտեի ղեկավարը՝ որպես մարմնի ղեկավար, հետայսու իրավունք պետք է ունենա անձամբ հաստատելու Քննչական կոմիտեի կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը. մինչ այդ այս ամենն իրականացվում էր Կառավարության միջոցով, հիմա փոփոխության արդյունքում այդ ամենը պետք է կատարվի Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից:
Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք:
Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, երեկ, խորհրդարանում ներկայացնելով նախագիծը, նշեց՝ գործող իրավակարգավորումների պայմաններում կան որոշակի խումբ անձինք, ովքեր օրինական կարգով ազատվել են զինվորական ծառայությունից և նրանց առողջական, ֆիզիկական, մտավոր վիճակը խոչընդոտ չի հանդիսանում Քննչական կոմիտեում աշխատելու համար, սակայն օրենքի ձևակերպումն էր խնդիր առաջացնում: Փոփոխություններն էլ պայմանավորված են «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» և «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխություններով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






