ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Փամբուխչյանի հրաժարանակի մասին ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել․
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Արմեն Փամբուխչյանը կնշանակվի Արտակարգ իրավիճակների փոխնախարար։ Այդ տեղեկատվության համաձայն՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի թոշակի անցնելուց հետո, Փամբուխչյանը կզբաղեցնի նախարարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ մինչև պատգամավոր ընտրվելը՝ 15.10.2018-13.01.2019թթ., Արմեն Փամբուխչյանը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






