«Իմ պատգամավորական և լրագրողական գործունեության ընթացքում երբևէ չեմ տեսել, որ կառավարության անդամն իր կառավարած ոլորտում արձանագրված բոլոր ձախողումների վերաբերյալ քննադատություններին այդ քննադատություններն արժանապատիվ ընդունելու փոխարեն անցնի մարդկային, բարոյական կոռեկտության բոլոր սահմանները»։ Այս ամենից ելնելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարի պահվածքը քննարկելու են նաև իրենց փաստաբանների հետ՝ նրա պահվածքին իրավական գնահատական տալու համար։
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ ԱԺ դահլիճում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ելույթն անբարո ձևակերպումներով ելույթ էր, որը որևէ բանականության սահմաններում չի տեղավորվում։
«Այն հարցապնդումը, տեքստերն ու թեզերը, որոնք առաջարկում էին ընդդիմության ներկայացուցիչները նախարարին հունից հանեցին և տարան անպատասխանատու հայտարարություններ անելու։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի հարցուպատասխանին։ Վաղ առավոտյան նախարարի ներկայությամբ մեր պաշտոնական դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Էնֆիաջյանը։
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է «Լուսավոր Հայաստան»-ի՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին:
Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել է ընդունել կառավարության առանձին անդամի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշում: Որոշման նախագծի քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 17-ի նիստում:
ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






