ՀՀ կառավարությունը 100 տոկոս թափանցիկ է եղել և շարունակում է այդպիսին մնալ կորոնավիրուսի հարցով։ Մենք ռազմավարության մասով ամեն ինչ ճիշտ ենք արել, հանձնաժողովին էլ բարի երթ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավորության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի հարցով խորհրդարանում քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:
Վարչապետը նշեց, որ ամենակարևոր ցուցիչը օրական դեպքերի հարաբերակցությունն է թեստերի թվի հետ:
«Մենք այսօր մի տոկոսի ենք հասել արդեն բավական երկար ժամանակ, որ ամիս ու կես առաջ նույնիսկ չէինք կարող մտածել, թե կհասնենք այդ ցուցանիշին: Թեստավորվածների թվի հետ համեմատած՝ մեզ մոտ դրական դեպքերը հինգ-վեց տոկոս են: Սա նշանակում է, որ մենք շատ էֆեկտիվ հայտնաբերում ենք»,- շեշտեց Փաշինյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հետևություններին՝ վարչապետը նշեց՝ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ երկրների մեծ մասը կորոնավիրուսի իրական ցուցանիշներ չեն հրապարակում:
«Ես կարող եմ պաշտոնապես ասել, որ Հայաստանի Հանրապետությունը այդ երկրների թվին չի պատկանում: Այն ինչ-որ գիտի Կառավարությունը կորոնավիրուսի թվերի հետ կապված՝ գիտի հանրությունը»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ռազմավարական առումով Կառավարությունը ճիշտ է վարվել և ճիշտ է վարվում, թեև եղել են առանձին թերություններ:
«Մի կողմից՝ Կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեջ, մյուս կողմից ասում են՝ թող մարդիկ դիմակ չկրեն, եկեք՝ ամեն ինչը բացեք, թող չտուգանեն, ոչ մի բան չանենք, կորոնավիրուս չկա։ Գալիս են ամբիոնից ելույթ են ունենում, դիմակ չեն կրում: Կորոնավիրուսի ընթացքում մասնակցել են այդ քարոզչությանը: Ասում են՝ ինչի՞ եք ասել, թե կորոնավիրուսն ում շունն է, բայց ասում էին՝ բարի, չաղ ու հարուստ մարդիկ չեն վարակվում կորոնավիրուսով»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանը հենց սկզբից նպատակ է դրել ապրել կորոնավիրուսի հետ։
«Ռազմավարության մասով մենք 100 տոկոսով ճիշտ ենք արել, սակայն եղել են նաև թերություններ, ինչպես ամեն տեղ լինում է: Հանձնաժողովին էլ բարի երթ»,- նշեց նա։
Նշենք որ խորհրդարանը 110 կողմ, 5 ձեռնպահ , 0 դեմ ձայներով ընդունեց «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ՀՀ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






