Մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի): Այս մասին ի պատասխան այսօր ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի հայտարարությունների՝ պարզաբանել են Առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում նոր կորոնավիրուսի դեպքերի և իրականացված քայլերի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել էր. «Պետք է պարզել, թե, ըստ օդում կախված լուրերի, մեկուսացման պրոցեսը կազմակերպող անձինք, որոնք մտերմիկ հարաբերություններ ունեն առողջապահության համակարգի պատասխանատուների հետ, 5 մլն դրամ աշխատավա՞րձ են ստանում։ Կամ էլ պարզել, թե կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի, կամ միջազգային սուբսիդիաների գումարներն ինչպես են ծախսվել։ Բայց կրկնում եմ, որևէ աշխարհասասան բան այստեղ չկա, եթե ամեն ինչ կարգին է։ Թողեք, որ ստեղծվի այս հանձնաժողովը»։
ՀՀ ԱՆ-ն այս առնչությամբ պարզաբանել է. «ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ:
Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից: Մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի): Ինչ խոսք, որ կատարած աշխատանքի դիմաց առողջապահության համակարգի աշխատողները, բժիշկներն ու կորոնավիիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված անձինք արժանի էին ավելի բարձր վարձատրության»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






