Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի կարևոր անվտանգային նշանակություն, և ՀՀ արտգործնախարարի այցը տարածաշրջան, հանդիպումները դրա վառ ապացույցն են: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Նա նշեց, որ ՀՀ արտգործնախարարի՝ Մերձավոր Արևելք կատարած այցով մեկնարկում է նոր ռազմավարության գործարկումը, և այդ ռազմավարության հիմքում ընկած է ՀՀ պետական ու անվտանգային շահը:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի գործընկերների հետ համատեղ օրակարգերի մշակումը, փոխշահավետ գործընկերության խորացումը կարևոր նշանակություն ունեն նաև այդ տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման առումով:
«Կարևորում եմ արտաքին գործերի նախարարի շեշտադրումները՝ արցախյան հիմնահարցում մեր դիրքորոշումների հստակեցման և ճիշտ ընկալումներ ապահովելու տեսանկյունից: Մերձավոր Արևելքը մեզ համար ունի կարևոր, անվտանգային նշանակություն, և այդ տարածաշրջանում սկսված գործընթացները, մեր ակտիվությունը դրա վառ ապացույցն են»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Կահիրեում ՀՀ դեսպանությունում արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ Կաթողիկե եղեկեցու առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանի, համայնքային կառույցների և միությունների անդամների հետ: Մնացականյանը հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդի, Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի, ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի, Եգիպտոսի նախագահի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







