ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգուն։
«Ես խորապես ցավում եմ հայտնի չեխ լրագրող և փաստաբան Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ: Նա թողեց ճշմարտության և արդարության քարոզի մեծ ժառանգություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում»,- գրել է Մնացականյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում կյանքից հեռացել է Դանա Մազալովան։
Դանան ծնվել էր 1954 թվականի նոյեմբերի 18-ին՝ չեխական Օպատով քաղաքում, ուր և ավարտել էր միջնակարգ դպրոցն ու գիմնազիան։ Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել էր Պրահայի Կարոլինյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Դեռևս 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի օրերին՝ նա ոչ միայն մի խումբ չեխ և հայ ակտիվիստների հետ կազմակերպեց Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, գրեց «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի սցենարը, որը մեծ հաջողություն ունեցավ չեխական հեռուստաեթերում, այլև «Արմենիա» ակումբի հետ համատեղ նա կազմակերպեց երկրաշարժից հետո որբ մնացած 80 հայ երեխաների հանգիստը Չեխիայում։
Դանան ակտիվ դեր խաղաց չեխական մամուլում ու հեռուստատեսությամբ Արցախի խնդրի լուսաբանման հարցում։ Նրա հայտնի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ մինչ օրս մնում է Ադրբեջանի կողմից արված հիմնական փաստացի հաստատումն այն իրողության, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատը։
Անցած տարիներին Դանան շարունակեց պաշտպանել հայ ժողովրդի արդար պայքարը՝ լինի դա չեխական խոհրդարանում, թե Բրյուսելում ՝ Եվրոխորհրդարանում։ Հանդես եկավ բազմաթիվ հարցազրույցներով թե՛ չեխական մամուլում, թե ՛ ՕՐԵՐ եվրոպական ամսագրում, թե Հայաստանի ու սփյուռքի լրատվամիջոցներում։
Դանա Մազալովան ակտիվորեն պաշտպանում էր նաև Հայ Դատը, բազմիցս ելույթներ է ունեցել Չեխիայում կազմակերպված տարբեր ձեռնարկների ընթացքում՝ կոչ անելով Չեխիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին բարձր է գնահատել Դանա Մազալովայի` Սպիտակի երկրաշարժի օրերին ցույց տված աջակցությունը և պարգևատրել է նրան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոբելյանական մեդալով։ Չեխական լրատվամիջոցների կողմից Դանան արժանացել է «Լավագույն լրագրող» մրցանակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






