Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի ընթացքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել համառոտ ելույթով:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հրապարակել է նախարարի ելույթի որոշ հատվածներ:
«Ցավոք սրտի, ստիպված եմ շեշտել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ: Վերջերս տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, մեր գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետևանք է»,- իր ելույթում նշել է Դավիթ Տոնոյանը:
ՀՀ ՊՆ-ն շեշտել է, որ տարածաշրջանում հակամարտությունները ռազմական լուծում չունեն, և Հայաստանի համար ընդունելի չեն ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, ոչ էլ հակամարտությունում այլ պետությունների ներգրավվելու փորձերը դրան հետևող իրավիճակի ապակայունացմամբ:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ու Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը:
«Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտին ներառում է ոչ միայն Կովկասը, այլև ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրականը: Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է բոլոր այս տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ»,- ելույթի ընթացում նշել է նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







