Տիկին Զոհրաբյան, պարոն Մարուքյան, դուք մի փաստարկ եք բերում, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի հիմնավորումներին՝ արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու օրենսդրական նախագծերի վերաբերյալ։
«Ձեր կարծիքով եվրոպական երկրների արտգործնախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, տեսնում են «կարանտին» բառը կա և որոշում, որ պետք է Հայաստանից ոչ մեկ չգա: Ձեր կարծիքով այս մակարդակի՞ են որոշումները կայացվում պետական կառավարման ապարատներում տարբեր երկրներում. այդպես չէ»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Պատգամավորը նշեց՝ երբ մի երկրից մուտքը կամ ելքը արգելում են համաճարակի ժամանակ, դրա համար մեկ ցուցիչն այն է, թե ինչպիսի հակահամաճարակային վիճակ է այդ երկրում, օրինակ, օրական քանի վարակակիր է գրանցվում:
«Եթե դուք հետաքրքրված եք, որ հնարավորինս արագ բացվեն սահմանները, ապա պետք է հետաքրքրված լինեք, որ հնարավորինս արագ վարակման ցուցանիշները շարունակեն իջնել, իսկ դրա համար անհրաժեշտ են այն միջոցառումները, որոնք իրականացվում են: Ես ձեզ խնդրում եմ՝ մի կառուցեք ձեր փաստարկները այս մակարդակի վրա: Կարող ենք «կարանտին» բառը փոխարինել «հրաշք» բառով. ձեր կարծիքով բա՞ն է փոխվելու»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտահոգություններ էին հայտնել արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու օրենսդրական նախագծերի վերաբերյալ՝ նշելով, որ այն պարունակում է հակասահմանադրական դրույթներ, և կարանտին բառը մտահոգիչ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






