Այս տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր կարողությունը կազմակերպելու երկրի հասարակական, քաղաքական կյանքը՝ ապահովելով իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ստանձնելով միջազգային պարտավորություններ հատկապես ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջ մղման առումով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության օրը։
«Արցախի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ընտրված իր իշխանություններին լիազորել է համապատասխան մանդատով՝ ներկայացնելու իր շահերը միջազգային հարթակում և խաղաղ գործընթացում։ Լիազորել՝ նաև երաշխավորելու Արցախի անվտանգության համակարգի համապարփակությունը, ապահովելու երկրի բնականոն զարգացման և բարգավաճաման համար ներքին և արտաքին համապատասխան պայմաններ»,- ասաց Նաղդալյանը։
ԱԳՆ խոսնակը նշեց, որ Արցախի գործընկերների հետ առկա է շատ սերտ համագործակցություն, որն իրականացվում է տարբեր մակարդակներով և պատրաստակամ են ձեռնարկել շարունակական քայլեր այդ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







