ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը մեկնաբանել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հայտարարությունը՝ կապված Վանեցյանի՝ Արցախի նախագահի հետ չկայացած հանդիպման հետ:
Բաբայանը հույս է հայտնել, որ նշված հայտարարությունը չի համաձայնեցվել Արցախի նախագահի հետ: «Անհրաժեշտ եմ համարում խոսնակին խորհուրդ տալ չպատասխանել Երևանից հնչող «ղեկավար» զանգերին, քանի որ բոլորին է արդեն հայտնի ՀՀ իշխանությունների գործունեության վտանգավարությունը, և հենց այդ վտանգավոր գործունեության շրջանակում հնչող հանձնարարությունների կատարումը ծանր դրության մեջ են դնում նախ իրեն՝ խոսնակին, հետո՝ ԱՀ նախագահին», — գրել է Բաբայանը:
Նրա խոսքով՝ Արցախի նախագահի ներկայացուցիչը «անհեռատես եւ վտանգավոր հայտարարություններ է անում»։ Բաբայանն ընդգծել է, որ կուսակցության պատվիրակությունն աշխատանքային այցով այցելել է Արցախ և խորհրդարանական ուժերի հետ քննարկել Արցախին օգնություն ցուցաբերելու իր ցանկությունն ու հնարավորությունները:
Նա նաեւ կոչ է արել Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին «անհեռատես հայտարարություններ չանել»։
Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ներկայացրել էր այն պատճառները, թե ինչու Արայիկ Հարությունյանը նախընտրեց չհանդիպել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ և ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ:
«Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ», — ասվում է Պողոսյանի հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







