Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված արտակարգ դրությունը վերացնելու մասին որոշման նախագիծն ԱԺ-ն չընդունեց 68 դեմ, 22 կողմ, 0 ձեռնպահ ձայներով։
Ավելի վաղ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում հայտնեց, որ իրենք անիմաստ են համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգումը:
«Այն, որ Հայաստանի անունի առջև միջազգային ասպարեզում գրված է արտակարգ դրություն, դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում այլ երկրներ մեկնել ցանկացող մեր քաղաքացիների և Հայաստան գալ ցանկացող մարդկանց համար»,- ասել էր Մարուքյանը:
Նա նշեց, որ հնարավոր է արտակարգ դրություն սահմանելու փոխարեն այդ խնդիրը լուծել Արտակարգ իրավիճակի մասին օրենքներում որոշակի փոփոխություններով:
նկատենք, որ նախագծին դեմ էր «Իմ քայլը» խմբկացությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու ԼՀԿ-ի առաջարկին:
Նշենք, որ խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում էր Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:Հիշեցնենք, որ կառավարությունն արտահերթի նիստի ընթացքում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը մինչև սեպտեմբերի 11-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






