- «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից, որի հիմնական թեման կրկին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուներն ու նրանց քվեարկության հարցն էր: Թերթի տեղեկություններով՝ երեքուկես ժամ տևած փակ նիստի ժամանակ պատգամավորներն ավելի շատ այս անգամ անդրադարձ են կատարել դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանին և այս անգամ ավելի շատ հավաքվել էին հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն՝ հենց նրա հետ կապված: Բանն այն է, որ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանին և նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանին իշխանական խմբակցության պատգամավորներն արդեն անդրադարձել էին, և հստակ էր, որ պատգամավորների մի մասն ամեն դեպքում դեմ էր նրանց: Եվ եթե այդ երկու թեկնածուների մասով մոտեցումն այնքան էլ միանշանակ չէ,և կան պատգամավորներ, որոնք դեմ են, ապա Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը պատգամավորներն ավելի դրական են տրամադրված, եւ դեմ կարծիքներ այնքան էլ շատ չեն եղել:Իհարկե, կարծիքներ եղել են այն տեսանկյունից, թե Վճռաբեկ դատարանի նախագահը չպետք է դառնա ՍԴ անդամ, սակայն, ընդհանուր առմամբ, կարծիքները դրական են եղել: Նաև խմբակցության ներսում որոշել են, որ վերջնական որոշում կկայացնեն նաև Խունդկարյանի հետ հանդիպումից հետո, որը կկայանա առաջիկա օրերին: Նկատենք, որ խմբակցության պատգամավորներին նաև ասվել է, որ առաջիկա օրերին խմբակցության այլ նիստեր ևս կանցկացվեն, նաև սպասվում է, որ արդեն վաղը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ կքննարկվի արտակարգ դրությունը ևս մեկ ամսով և վերջին անգամ երկարաձգելու հարցը: Իսկ, ահա, ՍԴ նորանշանակ անդամներին կընտրեն մինչև այս ամսվա վերջ արտահերթ նիստերի միջոցով:
- «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննչական կոմիտեում ուշագրավ կադրային փոփոխություններ են սկսվել: Մասնավորապես, օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանը և նշանակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչը կոմիտեում համարում են պաշտոնի իջեցում:Բանն այն է, որ կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ Սամսոն Մաթևոսյանը բավական մտերիմ կապերի մեջ է եղել ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ, իսկ համաձայն քննչական կոմիտեում տարածված լուրերի ՝ նախկին իշխանության հետ կապ ունեցող պաշտոնատար անձանց պաշտոնը որոշել են իջեցնել և հետո, ըստ էության, «հաջողություն մաղթել»:
Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սամսոն Մաթևոսյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է: Այսինքն՝ Արմավիրի մարզպետի եղբայր լինելն ըստ էության չի խանգարել, որպեսզի նրա պաշտոնն իջեցնեն: Այստեղ ավելի շատ դեր է խաղացել նախկին իշխանության հետ կապ ունենալու հանգամանքը։
- «Հրապարակ» թերթը գրում է, որ ամիսներ առաջ սորոսական «իսթեբլիշմենտից» Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ ընդհանրապես անիմաստ է Թրամփի հետ հանդիպում ակնկալելը։ Խորհուրդ են տվել՝ սպասել մինչև Ջո Բայդենի հնարավոր հաղթանակը և ԱՄՆ նախագահ կարգվելը։ Այդ պարագայում միայն հնարավոր կլինի կազմակերպել ԱՄՆ նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպումը, որովհետև Ջորջ Սորոսն ամերիկյան դեմոկրատական կուսակցության հիմնական ֆինանասավորողն է, և երբ Սպիտակ տանը նստի իր աջակցությամբ ընտրված անձը, որի հետ ուզենան, հանդիպումը կկազմակերպեն:
- «Հրապարակը» գրում է, որ դատական համակարգում քննարկում են ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի գործն ու կալանավորումը։ Երեկ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա պաշտպանների բողոքը, և Նարինյանը կշարունակի մնալ կալանքի տակ։Դատական համակարգում կարծում են, որ Նարինյանը ոչ թե հանցանք է կատարել, այլ զանցանք, ժողովրդական լեզվով ասած՝ «թամահ է արել»՝ սնանկացած անձի՝ աճուրդի դրված գույքն է գնել, ինչը օրենքով չի արգելվում, բայց «չպետք է աներ», որովհետև նման գույքի հետ նաև սնանկացած անձանց անեծքին են արժանանում։ Բայց վստահ են, որ իրավական առումով «փուչ գործ» է Նարինյանի գործը, ինչպես վերջին երկու տարվա գործերի մեծ մասը և եթե հասնի դատարան՝ փլվելու է աչքի առաջ։
Բայց դե, պարզ է, մինչև դատարան հասնելը երկար ճանապարհ կա, և այս գործն էլ իշխանությունը կօգտագործի իր փիառի համար, կարծում են դատավորները։ Նրանց հատկապես զայրացրել է այն, որ այսպես հեշտությամբ դատավոր են կալանավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






