Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև ստորագրված հուշագրին։
Ֆրանսիական պարբերականն այդ հուշագիրը որակում է պատմական՝ նշելով, որ այն կարող է փոփոխել Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում ընթացող ռազմավարական խաղի ընթացքը։
«Le Monde»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ստորագրված հուշագիրը կնքվել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում (Հայկական Պալյան ընտանիքի կողմից ստեղծված սուլթանական նստավայր) 2019 թ․-ի նոյեմբերին։ Մինչ այդ Էրդողանը և Սարաջը հուշագրի հարցով 4 հանդիպում էին անցկացրել։
Եվ ըստ պարբերականի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց. «Այս ռազմավարական և էներգետիկ գործարքի շնորհիվ հնարավոր է դարձել խափանել Սևրի պայմանագիրը», ապա կարելի է եզրակացնել, որ սրանով Էրդողանը վրեժ լուծեց թուրքերի համար սինդրոմ հանդիսացող Սևրի պայմանագրի համար, որը ստորագրվել է 1920 թ․ օգոստոսին, սակայն մնացել էր թղթի վրա։
Հիշեցնենք, որ 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ) Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918 թթ. 1-ին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ) միջև կնքվել է Սևրի հաշտության պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







