Զարմանքս, անկեղծորեն, չկարողացա թաքցնել, երբ կարդացի երբեմնի գործընկերոջս՝ Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը: Մի պահ թվաց, թե նրա՝ սևով սպիտակին հանձնած մտքերը ծնունդ են առել հիշողության ժամանակավոր կորստի արդյունքում, հետո հասկացա՝ այդքան բաղձալի մանդատը ամեն գնով պահելու ճիգերն են նրա փոխարեն այդ տեքստը երկնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոնյանը՝ անդրադառնալով Սերգեյ Բարգրատյանի գրառմանը։
«Դիրքորոշման էական տարբերությունների մասին խոսում է մի մարդ, որը ԲՀԿ քաղխորհրդի մինչև վերջին նիստը իր անվերապահ աջակցությունն ու համաձայնությունն է հայտնել կայացված բոլոր որոշումների վերաբերյալ: Պետության հավերժական լինելու և հայոց պետականության հզորացման անհրաժեշտության մասին խոսում է մի մարդ, որի կողմից պետությանը հասցված միլիոնների վնասի կասկածանքով քրեական գործեր են հարուցված»,- գրել է Տոնոյանը:
Պատգամավորը նշել է, որ այդ վնասը փոխհատուցելու անհրաժեշտության մասին բազմիցս Բագրատյանին հորդորել է հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ այդ գործում առաջարկելով թե՛ իր, և թե՛ մեր ամբողջ թիմի օգնությունը:
«Երևի հենց այս հակասությունների մասին է խոսում պարոն Բագրատյանը, երբ ինքն ընդդիմանում էր պետությանը հասցված վնասը վերականգնել, իսկ մենք հակառակն էինք պնդում: Ինչևէ, իսկապես ցավում եմ, որ ընդամենը պատգամավորական մանդատը պահելու համար մարդ կարող է անցնել իր բարոյականության, իր տղամարդկային խոսքի, իր սկզբունքների վրայով: Թեպետ ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է…»,- գրել է Տոնոյանը։
Հիշեցնենք՝ Սերգեյ Բարգրատյանը նշել էր, որ ԲՀԿ-ից դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իր քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացած իր անհամաձայնությունն ու առարկությունները։
Բագրատյանը սույն թվի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ այլևս գործելու է անկախ պատգամավորի կարգավիճակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






