Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր նշանակմանը՝ շնորհակալություն հայտնելով իրեն վստահելու համար։ Այս մասին Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է ինձ շրջակա միջավայրի նախարար նշանակելու հրամանագիրը:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման բարձր վստահության համար՝ վստահեցրել եմ, որ իմ ամբողջ ներուժը, ջանքն ու նվիրումը հետայսու ևս ներդնելու եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ունենալու ավելի երաշխավորված, ավելի պաշտպանված, գիտելիքահեն կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր»,- նշել է Պետրոսյանը:
Նորանշանակ նախարարը շեշտել է, որ հետհեղափոխական Հայաստանում այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ բացառապես կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում, իհարկե, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում, ինչն ուղղակիորեն ազդում է մեր հանրապետությունում կյանքի որակի վրա, և այն նշաձողը, որը սահմանվել է մինչ այժմ՝ շրջակա միջավայրի կառավարման, ընդերքօգտագործման և մյուս բաղադրիչների կառավարման ոլորտում։
«Առկա հիմնախնդիրների լուծման կամ ավելի նորարար լուծումներ առաջադրելու գործում, պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը, մեր պլան-մինիմումը և համատեղ ջանքով բոլոր սերունդների, այս գերատեսչությունում խմբված հմտություններ, գիտելիքներ և փորձառություն ունեցող բոլոր գործիչների հետ համատեղ օր առաջ իրականացնենք Հայաստանում ավելի լավ կյանքի որակ ունենալու մղումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու»,- գրել է Պետրոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






