1․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկա օրերին պատրաստվում է Արցախ մեկնել:
Ըստ տեղեկությունների՝ Վանեցյանը պատրաստվում է պաշտոնական տարբեր հանդիպումներ ունենալ արցախյան պաշտոնյաների հետ, համագործակցության հետ կապված տարբեր քննարկումներ ունենալ: Արցախյան աղբյուրները փոխանցում են, որ այս պահին Վանեցյանի և տարբեր անձանց հետ հանդիպման ժամանակացույց է քննարկվում, և հստակեցումներ են իրականացվում հանդիպումների վերաբերյալ:
Չի բացառվում, որ Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպի նաև նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
2․ «Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ըստ տեղեկությունների՝ նիստը թեժ է անցել, քանի որ օրակարգում մի քանի հարց է քննարկվել:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության նիստ անելու գլխավոր թեման եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից կազմակերպված «փարթին», որը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների գրեթե բոլորի զայրույթն է հարուցել:
Ըստ տեղեկությունների՝ թե´ օրենսդիր, թե´ գործադիր հատվածի կարծիքով՝ Հայկ Սարգսյանը չպետք է նման միջոցառումներ կազմակերպեր, որի պատճառով իրենք նման տհաճ իրավիճակում են հայտնվել: Եվ վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչպես պետք է վարվել «անհնազանդ» պատգամավորի հետ, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
Օրակարգային հարցերից են եղել նաև կրթության ոլորտում կատարվող շրջադարձային իրադարձությունները, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հետ կապված տարբեր հարցեր ու խնդիրներ:
3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լրջորեն նախապատրաստվում է աշնանային նստաշրջանում «անսանձ» պատգամավորներին լռեցնելու շուրջ: Բանն այն է, որ իշխող խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով ցանկանում է ավելի լրջացնել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գոյությունը խորհրդարանում: Մասնավորապես, իշխող խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա նաև պատժամիջոցներ սահմանել պատգամավորների նկատմամբ, և դա անելու իրավասությունը կտրվի Աժ նախագահին:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, որին հունիսի 8-ին ազատեցին պաշտոնից, հնարավոր է՝ առաջիկայում նոր պաշտոն ստանա։ Նրան առաջարկել են Սուրեն Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ աշխատող Երևանի ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնը։
5․ «Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը քննարկում էր հավաքների ազատության սահմանափակումը վերացնելու հայցով վարչական դատարան դիմելու հարցը։
Շաբաթներ առաջ նույն հարցով նրանք նախագիծ էին ներկայացրել ԱԺ, սակայն մերժվեց։ Եռյակը որոշել է այս փուլում դատարան չդիմել։ Թերթի տեղեկություններով՝ եռյակում հույս ունեն, որ արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 13-ից հետո չեն երկարաձգի, ուստի անիմաստ են համարում դատարան դիմելը։ Եթե այս կանխատեսումները սխալ լինեն, կվերանայեն որոշումը:
6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» քննվում է իշխող վերնախավում, և չի բացառվում, որ նրան ստիպեն մանդատը վայր դնել։
Լողափային հայտնի փարթիի աղմուկից հետո, թերթի տեղեկություններով, «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը զանգել է Սարգսյանին և հետաքրքրվել, թե ինչ առնչություն ունի միջոցառման և լողափի հետ։ Պատգամավորը «սուխոյ ատկազ» է եկել, ասել է, թե բացարձակ կապ չունի տարածքի հետ, որ ընդամենը մի պահ մտել-դուրս է եկել։
Մակունցն էլ, հավատալով, ասուլիսում կրկնել էր նրա ասածն ու հայտնվել քննադատությունների թիրախում։ Ավելի ուշ հայտնված լուսանկարները փաստեցին, որ Հայկը 2 օր եղել է այդ օբյեկտում և այն ձեռք է բերել հեղափոխությունից առաջ։ Պատգամավորի «սուտը» վրդովմունք է առաջացրել։ ՔՊ նիստում քննարկել են հարցը, որոշել՝ եթե պարզվի, որ խաբել է, չի մարսելու»:
7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու արդեն իսկ ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին: «Թեկնածուն լուրջ պառակտում է մտցրել իմքայլականների մեջ, որոնք ամեն ինչ անում են, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը չեղարկվի։
ՀԱԿ, իրավապահ շրջանակները ևս դժգոհ են, հիմնական վեճն այն չէ, որ առանց մրցույթի է թեկնածուն առաջադրվել, այլ՝ ներկայացված անձի անցյալն ու «ծագումնաբանությունը»։
Խնդիրը բարդ է նրանով, որ 3 դատավոր մեկ օրում պետք է ընտրվեն, այնպես որ՝ մինչ պառլամենտի սեպտեմբերյան նիստը հարցը պետք է լուծված լինի»,- ասել է «Իմ քայլի» աղբյուրը:
ՀՀ նախագահը հարցին՝ ինքը նույնպե՞ս պատրաստվում է առանց մրցույթի առաջադրել ՍԴ դատավորի իր թեկնածուին, հիշենք, որ դեռ 2 տարի առաջ Արմեն Սարգսյանն առանց մրցույթի առաջադրեց թեկնածուին, այդ թվում՝ Վահե Գրիգորյանին։ Նախագահականից պատասխանեցին․ «Հանրապետության նախագահն ԱԺ-ին ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրի մինչեւ ս․թ․ օգոստոսի 27-ը»: Մրցույթո՞վ, առանց մրցույթի՞, հնարավո՞ր է Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը․ հարցերը թողել են անպատասխան:
8․ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ վերջին օրերին Ամուլսարում ընթացող գործընթացները նախապես ամբողջովին համաձայնեցված են իշխանությունների հետ, ավելին՝ ամեն ինչ ընթանում է նախապես մշակված ծրագրով։
Ըստ էության, կառավարությունը անցած երկու տարվա ընթացքում չկարողացավ, կամ, ավելի ճիշտ, ուղղակի չցանկացավ կարգավորել հանքի շուրջ ստեղծված իրադրությունը և հարցի հետ կապված հստակեցումներ մտցնել։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի թիմը նման քայլի է գնացել, քանի որ այլ պարագայում կա՛մ պետք է սեփական արժեքներին դավաճանեին՝ իրենց վարկանիշը իսպառ հողին հավասարեցնելու, գուցե նաև իշխանությունը վտանգելու գնով, կա՛մ վերահաստատելով, որ որոշողը ժողովուրդն է, նմանօրինակ զարգացումներ ապահովեին։
Ըստ աղբյուրների՝ փաստացի «կանաչ լույս» է վառված «Լիդիանի» համար՝ հանքը շահագործելու առումով, սակայն դա ուղղակիորեն չի հայտարարվում, այլ որոշակի քայլերի հերթականություն է «գծված»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






