Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և պատմական պահանջներ, որոնք ուղեկցվում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հանդեպ բարձրաձայնվող դժգոհություններով: Այս մասին «Jerusalem Post»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները․ Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել:
«Սա Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր: Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ուժի և իր թվացյալ ռազմական առավելության ցուցադրումը շեշտակիորեն անհաջողության մատնվեցին, և մենք ականատես եղանք ակնհայտ սխալ հաշվարկի»,- նշել է Մնացականյանը:
Հարցին՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է հրադադարի, Մնացականյանը նշել է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը համաձայնել է միջազգային միջնորդների՝ տեղում դիտորդների քանակն ավելացնելու և զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ ներդնելու միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերյալ բոլոր առաջարկներին: Հայաստանը շարունակում է կողմ հանդես գալ այդ և այլ միջոցառումներին՝ ուղղված լարվածության ռիսկերի նվազեցմանը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանն իսրայելական շատ զինամթերք (ԱԹՍ, հրթիռներ) է կիրառում, արդյոք երբևէ Ձեր անհանգստությունները բարձրաձայնե՞լ եք Իսրայելի կառավարության առջև: Արդյոք դիմե՞լ եք Իսրայելին՝ վերանայել այդ զենքի վաճառքն Ադրբեջանին, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ:
«Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Վերջին մարտական գործողությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ-ի կողմից իսրայելական ԱԹՍ-ներ են խոցվել՝ ի՞նչ կարող է Հայաստանն ասել Իսրայելին այդ առնչությամբ, ԱԳ նախարարը նշել է․
«Մեզ համար այդ զենքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց: Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից: Ադրբեջանի կողմից ձեռք բերված և Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դեմ կիրառված սպառազինության մասին փաստերը բազմաթիվ են, և հուլիսյան դեպքերը հավելյալ ապացույցներ տրամադրեցին»:
Հարցին՝ տարիներ շարունակ Իսրայելը երկմտում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, արդյոք ՀՀ-ն այդպիսի ակնկալիքներ ունի՞ Իսրայելից: Արդյոք ՀՀ վերջերս բարձրացրե՞լ է այդ հարցը Իսրայելում Ձեր գործընկերների մոտ, Մնացականյանը նշել է․
«Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչե՞լ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






