Կիևում կայացել են Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, հայտնում է Analitikaua.net-ը։
Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկելու համար ուկրաինացի քաղաքացիների հավաքագրման մասին տեղեկությունները:
«Հուլիսի 27-ին տեղի ունեցավ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Բոդնարի հանդիպումը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են ջանքեր գործադրել տնտեսական համագործակցության հարցերով ուկրաինական-հայկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը նախապատրաստելու նպատակով:
Զրույցի ընթացքում ուկրաինացի դիվանագետը հերքել է այն տեղեկատվությունը, որը վերջին օրերին տարածվում է Դոնբասում ռուսական օկուպացիոն կազմավորումների ներկայացուցիչների կողմից այն մասին, որ մեր պետությունում, իբր, հայ-ադրբեջանական հակամարտությանը մասնակցելու համար քաղաքացիներ են հավաքագրում:
Ուկրաինայում խաղաղ ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Այսօր ծայրահեղ անհրաժեշտ է ապահովել ազգամիջյան խաղաղության պահպանումը, թույլ չտալ դիմակայություն հայ և ադրբեջանական համայնքների միջև։ Այս համատեքստում Վասիլի Բոդնարը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հայ համայնքին համապատասխան դիմումի համար՝ զսպվածություն ցուցաբերելու և սադրանքների չենթարկվելու խնդրանքով», — ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բոդնարը նաև հանդիպել է Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման և Հարավային Կովկասում անվտանգության քաղաքականության հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ վերջերս սահմանին տեղի ունեցած հակամարտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացմանն ու Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին վերջին շրջանում սրված իրավիճակը։
Այսպես, Բոդնարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Ուկրաինայում ադրբեջանական համայնքին զսպվածության և կշռադատման կոչով դիմելու համար: Նա նաև հավելել է, որ այսօրվա դրությամբ կարևոր է բոլոր ջանքերը գործադրել Ուկրաինայում ազգամիջյան խաղաղության պահպանման համար:
Դիվանագետները քննարկել են նաև քաղաքական փոխգործակցության խորացմանն ու առևտրատնտեսական ոլորտում նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:
«Կարծիքներ են փոխանակվել նաեւ ՎՈՒԱՄ-ի շրջանակներում փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ, որտեղ նախագահում է Ադրբեջանի Հանրապետությունը», — ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկելու համար ուկրաինացի քաղաքացիների հավաքագրման մասին տեղեկատվությունը հերքել էին նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան այդ տեղեկատվությունն անվանել է անհիմն և ամբողջական ապատեղեկատվություն պարունակող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







