Հուլիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ: Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման համատեքստում երկուստեք կարևորվել է միջազգային համագործակցության ու փոխօգնության դերը։
Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։
Նախարար Մնացականյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի և իր գործընկերոջը ներկայացրել այդ առնչությամբ ՀՀ մոտեցումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






