Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով:
Այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով, անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով:
Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա: Դրանք պետք է անհապաղ կանխել՝ հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով: Այսօր միջազգային կառույցներին պաշտպանը կուղարկի պաշտոնական նամակներ:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և չտրվել սադրանքների: Չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել վտանգավոր զարգացմանը և լարվածությանը նպաստող ցանկացած երևույթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






