ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 23-ին, տեղի ունեցած նիստում որոշեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրել։
«Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշվում է՝
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,- ասվում է որոշման մեջ:
Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, առաջին դասի խորհրդական։ 1994 – 1999 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ապա 1999 – 2001 թթ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։
Մասնակցել է միջազգային մի շարք կրթական ծրագրերի ու դասընթացների։
Մասնավորապես՝
-2015 թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ուսումնական այց Մանհայմի, Հայդելբերգի և Համբուրգի համալսարաններ, Գերմանիա:
-2015 թ. օգոստոսի 22-26-ը ուսումնական այց Մաստրիխտի համալսարան, Հոլանդիա:
-2001 թ. ապրիլ և օգոստոս ամիսներին մասնակցել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Միջազգային հանցագործությունների քննությանն օժանդակելու ծրագրի» շրջանակներում կազմակերպված քննիչների վերապատրաստման դասընթացներին:
-2001 թ. սեպտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 20-ը հաճախել և ավարտել է «Հռոմեական մասնավոր իրավունք» առարկայի գծով Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և Հռոմեական իրավունքի և իրավական համակարգերի ուսումնասիրման Իտալիայի CRN կենտրոնի կողմից կազմակերպված դասախոսների վերապատրաստման կուրսերը:
Ավետիսյանը զբաղվում է գիտակրթական գործունեությամբ, 2006 թ. նոյեմբերի 11-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր,
2008 — 2009 թթ. ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ, 2009 թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, 2014 թ.-ից ՀՀ արդարադատության նախարարի կողմից կազմված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







