«Մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունեցել, չենք կարող անտեսել այն փաստը, որ 2016 թվականի Ապրիլից հետո Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների կոչը ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից։
«Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարում։ Բայց և այնպես, մենք մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք, և դրանք արտահայտվել են հետևյալում՝
1․ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել, այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանը առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը։
2․ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։
3․ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայելր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։
4․Բանակցությունները պետք է լինեն իմաստալից․ Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են, և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը։ Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է ետ կանգնել մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման։ Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում։
5․ Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի, սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքների։ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ԶՈՒ-ի և խաղաղ բնակչության դեմ կռվում են ոչ թե Ադրբեջանն, այլ օտարերկրյա ճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաներ՝ իրենց մասնագետներով հանդերձ։ Արդեն 3-րդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական տեղաշարժի և այլ իրավունքների։ Այն մոտեցումները, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չեն։ Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:
6.Հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահամանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջագային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ ու որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում: Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումն արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ։
7.Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամաբ տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության և համախմբվածության նոր մակարդակի են հասել: Մեզ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց այդ ոգևորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական, պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ, և մենք կհաղթենք, որովհետև մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






