2020 թվականի հուլիսի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Հանձնաժողովի տարածած հայտարարությունից։
Բաթոյանը, որը 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր, 2019 թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները:
Ի պատասխան Հանձնաժողովի բացատրություններ ներկայացնելու խնդրանքի՝ Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ իր կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր լրացման ենթակա, և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք։
Այդ հիմքով Զարուհի Բաթոյանը խնդրել է իր եկամուտները չհայտարարագրելը դիտարկել որպես զուտ տեխնիկական բացթողում և թույլատրել 2018 թվականի տարեկան հայտարարագրում կատարել ուղղում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում նշել 7 515 233 ՀՀ դրամ։
Այնուամենայնիվ, Հանձնաժողովը վերահաստատել է, որ հայտարարագրման ենթակա տվյալները հայտարարագրելիս բոլոր դաշտերը, առանց որևէ բացառության, պարտադիր ենթակա են լրացման:
Տուգանքը վճարելուց հետո Զարուհի Բաթոյանին տրամադրվելու է 7 աշխատանքային օր՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձնանց 2018 թվականի տարեկան հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում համապատասխան ուղղում կատարելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







