ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության՝ հայ-ադրեբեջանական սահմանին գործողությունների վեարբերյալ հայտարարությունը լիովին արտահայտել է այս փուլում հայկական կողմի մտահոգությունները: Այս մասին Տավուշի տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նախ նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը նախևառաջ կարևորում էր ՀԱՊԿ իր գործընկերներին սահմանին ստեղծված իրադրության մասին տեղեկատվության տրամադրումը: «Դա տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին, երբ մեր ներկայացուցիչը ելույթով հանդես եկավ, ներկայացրեց տեղում իրադրությունը: Դա մեր առաջնային նպատակն էր»,-ասաց Նաղդալյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ գխավոր քարտուղարության հայտարարությանը՝ խոսնակն ասաց. «Այն լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները: Այդ հայտարարությունում միանշանակորեն նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում: Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանային գծում և այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով դիմելու՝ փոխօգնության, թե այլ, կարիքը դեռևս չկա»,-ասաց Նաղդալյանը:
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձավ նաև Թուրքիայի վերջին հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերաբերյալ:
«Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ տարածաշրջանում: Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմը և առաջին գործողությունը, որը թուրքական կողմը պետք է իրականացնի՝ դրա հետևանքների վերացումն է»,- հայտնեց Աննա Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակը նշեց նաև, որ այս ժամանակահատվածում ՀՀ արտգործնախարարությունն առավել կարևորում է միջազգային գործընկերների կառուցողական դիրքորոշումը, որն ուղղված է առաջին հերթին լարվածության թուլացմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






