Հայաստանը փայլուն կերպով անցել է միջազգային կոալիցիայի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության, վալիդացումը։
Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, խորհրդարանում «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնելուց առաջ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Լիլիա Շուշանյանը։
Նա հիշեցրեց, որ շուրջ 3 տարի առաջ Հայաստանն անդամակցել էր Արդյունահանող ճյուղերի միջազգային նախաձեռնությանը, որին Հայաստանը անդամակցել էր՝ այն քաղաքական կամքը արտահայտելով, որ ավանդապես կոնսերվատիվ ընդերքօգտագործման ոլորտը պետք է թափանցիկ դառնա:
«Այդ կամքի իրագործմանը ուղղվեցին շուրջ 3 տարվա աշխատանքներ, երկու օր առաջ լավ լուր ստացանք, որ նախորդ տարվա սեպտեմբերից սկսած միջազգային գնահատականը փայլուն կերպով անցել ենք և ստացել ենք հնարավոր բարձրագույն գնահատականը, որին, ի դեպ, վերջին 10 տարվա մեջ 53 երկրներից 8-ն էին արժանացել: Չնայած ընդերքօգտագործման ոլորտում տարբեր շահեր ունենալով, բայց այս նախաձեռնության շրջանակներում, մեր քաղհասարակության գործընկերների, հանքարդյունաբերության ներկայացուցիչների, պետական կառավարման ջանքերի շնորհիվ այս արդյունքին հասանք:
Սա հատկապես կարևոր է, քանի որ բոլորս այս օրերին պետք է կանգնենք մեր զինվորների կողքին, որովհետև մեր երկրի սահմանները աշխարհագրական կոորդինատներով չեն սահմանափակվում, այն էլ այն դեպքում, երբ նման նախաձեռնություններում Ադրբեջանը փորձում էր տապալել Հայաստանի անդամակցությունը, չնայած ինքը դուրս մնաց, բոլորս լինենք մեր զինվորի հետ, պահպանենք մեր հաղթանակներն ու դիրքերը»,- ասաց Շուշանյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






