Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ մերժեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու նախագիծը՝ 1 կողմ, 79 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Օրինագծով նախատեսվում է գրավոր քվեարկելու հնարավորություն տալ համավարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող պատգամավորներին:
Խորհրդարանը 1 կողմ, 78 դեմ, 7 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ մերժեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Նախագծով առաջարկվում է հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթեցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով:
Նախագծով նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում նախարարության գործունեության պլաններ, որոնց հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարութանը: Նաև ֆիքսում է, որ առնվազն 5 տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 96 կողմ ձայնով: Նախագծով առաջարկվում է աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգել ևս մեկուկես տարով՝ մինչև 2022-ի հունվարի 1-ը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 82 կողմ, 11 ձեռնպահ ձայներով: Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ներին ամրակցված գույքը վարձակալության հանձնել բացառապես կառավարության հաստատած կարգով, որի նպատակն է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը և դրանով նաև պետբյուջեի եկամուտների ավելացումը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 79 կողմ, 17 դեմ ձայներով, ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 95 կողմ, 1 դեմ ձայներով: Նախագծով տեղական արտադրության կոնյակի գովազդը բացառությունից կհանվի, և դրա հեռարձակումը նույնպես կարգելվի ժամը՝ 06:00-22:30-ը:
«Ընդերքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 98 կողմ ձայնով: Նախագծով առաջարկվող ամենաառաջնային փոփոխությունն արդյունահանման թույլտվության հետ է կապված: Առաջարկվում է արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն՝ մետաղականի համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում:
«Ռազմարդյունաբերության մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






