ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած նիստում հաստատեց կապիտալ շուկայի զարգացման ծրագիրը։
Այդ փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման նպատակով միասնական քաղաքականության կիրառման, բարեփոխումների հիմնական ուղղությունների և ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ:
Փաստաթղթով ներկայացվում են կապիտալի շուկայի զարգացման համապարփակ ռազմավարական ուղղությունները, որոնք համախմբում են շուկայի վերլուծության արդյունքում բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու գործողություները, դրանց ակնկալվող արդյունքը, հիմնական պատասխանատու կառույցները և կատարման ժամկետները:
Նշում է, որ այժմ Հայաստանի կապիտալի շուկան սահմանափակ է՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով և երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ: 2020 թ. հունվարի 31-ի դրությամբ շուկայի հիմնական մասը զբաղեցնում են ՀՀ պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը և բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ընդամենը ՀՆԱ-ի համապատասխանաբար 3,4% և 2,3 %։ 2019 թ. ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) կորպորատիվ արժեթղթերով և ՀՀ պետական պարտատոմսերով առուվաճառքի գործարքների ծավալը կազմել է 100 մլրդ դրամ, իսկ բորսայից դուրս՝ մոտ 900 մլրդ դրամ: Երկրորդային շրջանառության գերակշիռ մասը կազմել է ՀՀ պետական արժեթղթերով առևտուրը:
Հայաստանի կապիտալի շուկայի ներկա պայմաններում պետությունը պետք է առաջնորդող դեր կատարի և տարբեր գործիքների միջոցով խթանի կապիտալի շուկայի զարգացումը։
Փաստաթղթի նպատակն է նպաստել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը, ներդնել կապիտալի շուկայի այնպիսի գործիքներ, որոնք կապահովեն երկրում ձևավորված խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, թույլ կտան բնակչությանը (այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդերի միջոցով) մասնակցել երկրում իրականացվող ներդրումային ծրագրերին և ստանալ դրանցից եկամուտներ, որի շնորհիվ կապահովեն նաև տնտեսության ֆինանսավորման նոր գործիքների զարգացումը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







