Ադրբեջանական կողմը պատրաստ չէր և երբեք պատրաստ չի լինի կառուցողական երկխոսության։
Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի գիշերային դիվերսիան դրա վառ ապացույցն է։
Նրա խոսքով՝ Թուրքիան և նրան ենթակա Ադրբեջանը տարածաշրջանի ապակառուցողական տարրերն են։
Այդ երկրներին ձեռնտու չէ տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունն ու արդարությունը, կարծում է պատգամավորը։
«Թուրքիային ու Ադրբեջանին ձեռք չի տալիս աշխարհաքաղքական ստաբիլ զարգացումը: Դրա համար կարևոր է, որ այսօր մեզ համար ֆիքսենք՝ իրենք չեն գնալու տարածաշրջանում ոչ մի կառուցողական որոշման, կառուցողական կեցվածքի»,- նշեց նա:
Պատգամավորը նաև կոչ է արել երկրի հանրությանը չենթարկվել այն ապատեղեկատվությանը, որը պարբերաբար տարածվում է սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում: «Բոլորին կոչ եմ անում օգտվել բացառապես պաշտոնական կամ առնվազն տասնապատիկ ստուգված տեղեկատվությունից», — եզրափակեց Աբովյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






