«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի գրավոր քվեարկությունների ձևաչափն ընդլայնող փոփոխությունները չեն քննարկվել գլխադասային հանձնաժողովում, անցկացվել է միայն աշխատանքային քննարկում:
Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքային քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջին-երկրորդ ընթերցումից հետո օրինագծում կկատարվեն մի շարք փոփոխություններ: Ընդ որում, Վարդանյանը նշեց, որ նախագիծը գտնվում է գրավոր առաջարկությունների փուլում, բայց ո՛չ «Լուսավոր Հայաստան» , ո՛չ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից նման առաջարկներ չեն ներկայացվել։
«Ես մի բան չհասկացա՝ հեռավար նիստերին կո՞ղմ ենք, բայց այսպիսի տարբերակին, որը հնարավորություն է տալիս ծայրահեղ իրավիճակներում «վթարային ելք ապահովել» դե՞մ ենք՝ շատ բարի։ Խոսվում է կոճակ սեղմողների առկայության կամ բացակայության մասին, ուզում եմ մեկ բան հարցնել բոլորիդ՝ իսկ պատգամավորի ու արդյունավետ պատգամավորի գործառույթները միայն այդ կոճակով է սահմանափակվու՞մ։ Մարդ կա նիստերին ներկա է՝ ձայն էլ չենք լսել, տեսքն էլ չենք հիշում, բայց ֆիզիկապես ներկա գտնվի։ Մի լավ խոսք կա՝ մեր խորհրդարանում կան պատգամավորներ, որոնց լռության մեջ էլ նկատվում են քերականական սխալներ»,- նկատեց Վարդանյանը։
Նա նշեց, որ իրարամերժ պարտավարությունների հետ կարող ենք գործ ունենալ՝ նիստերին մասնակցելու պարտադիր պահանջ և պարետատան մեկուսանալու ցուցում։ Այս նախագիծը Վարդանյանը «վերջին հնարավորություն» է համարում ստեղծված իրավիճակում։ Նա ընդգծել է, որ եթե պատգամավորը հետևում է հանձնաժողովի առցանց քննարկումներին, ապա այդ պատգամավորն իրավունք ունի քվեարկել, չնայած նրան, որ կորոնավիրուսի պատճառով մեկուսացման մեջ է: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ գրավոր քվեարկությունների հնարավորությունը վերաբերելու է միայն պատգամավորներին, որոնք պետք է մեկուսացվեն արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու նպատակով: Այդ ուղղումները կատարվում են, որպեսզի թույլ չտան խորհրդարանի աշխատանքի տապալումը պատգամավորների շրջանում կորոնավիրուսի տարածման դեպքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






