Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:21

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Հայաստանի ոստիկանությունը մտադիր է կանոնակարգել ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ մուտք և ելքի հետ կապված հարաբերությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ օրենքով հստակ կնախատեսվեն այն պահանջներն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեն անչափահասների՝ ՀՀ-ից ելքի համար: Պարզվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու և ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն:

Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաև հետախուզվող պարտապանների՝ ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը: Թերթին հայտնի է դարձել, որ ոստիկանությունն այս թեմայի շուրջ օրինագծերի փաթեթ է քննարկման դրել և առաջարկում է լրացնել նշված օրենսդրական բացը:

Բացի այս, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կավելանա անձնագիրը տրամադրելը մերժելու նոր հիմք, մասնավորապես՝ անձնագիր չի տրամադրվի այն անձանց, որոնք հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի անձին՝ հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում»,-գրում է թերթը:

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ իշխող թիմում սկսել են առաջնորդվել նեղ անձնային շահերով և «սիմպատիաներով», ինչն էլ առիթ է դարձել, որ «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ ծագի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ «դաստիարակչական» աշխատանքներ է տարել իմքայլականների հետ, թե ինչպես պիտի լինի պատգամավորը, և որ չի կարելի անձնական «սիմպատիաների» պատճառով ձախողել թիմային աշխատանքը։

Բանն այն է, որ հուլիսի 8-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, ըստ որի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Հուլիսի 9-ին պետք է տեղի ունենար օրենքի երկրորդ ընթերցումը, սակայն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները: Իրականում պարզվում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի ջանքերով է տապալվել նախագիծը։

Պատգամավորն անձնական խնդիրներ ունի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանի հետ, որը նշանակված է որպես նախագծի զեկուցող։ Պատգամավորը գործընկերներին համոզել է, որ հաշվի չեն առնվել իր առաջարկները, և չի կարելի խորհրդարանին այսպես արհամարհել։ Պապիկյանն ուրբաթ օրվա նիստին ասել է, որ ուղղակի ապշած է ստեղծված իրավիճակից, թե ինչպես կարելի է անձնական դրդապատճառներով տապալել օրենքը։ Նա զգուշացրել է, որ մի քանի օր անց նախագիծը երկրորդ ընթերցման է ներկայացվելու, և ինքը չի հանդուրժի նման կամակորություններ։ «Իմ քայլի» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխող խմբակցությունում գործում են խմբակներ։ Դրանցից մեկն էլ Մերի Գալստյան-Լենա Նազարյան-Մարիա Կարապետյան եռյակն է, որը շատ ակտիվ է ներքին քննարկումներում և միասնաբար է գործում։

3․ «Իրավունք» թերթի տեղեկություններով` ԿԳՄՍ նա­խարարությունը քննարկել և որոշել է, որ դպրոցներն իրենց դռներն աշակերտների համար կբացեն սեպտեմբերից, իսկ ահա բուհերը առաջին կիսամյակը կանցկացնեն կրկին հեռավար, ապա հետո՝ հավա­նաբար երկրորդ կիսամյակից` փետրվա­րից, դասերը կանցկացվեն բուհական պատերից ներս:

4․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այսօրվանից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը որոշել է ավելի վաղ սկսել հանրային քննարկումները, չնայած մինչ այս ամենամոտ ժամկետ էր նշվում սեպտեմբերը: Թերթը տեղեկացել է, որ պատճառը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` արտակարգ դրությունն է և այն հանգամանքը, որ հանրային քննարկումներն անցկացվելու են առցանց ռեժիմով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր առցանց հանրային քննարկմանը կմասնակցեն Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնագիտական հանձնաժողովի անդամները պարզապես լսելու են քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքները և ներկայացնելու են կատարված աշխատանքները, փոփոխությունները, որոնք լինելու են: Արդեն ընդհանրացված քննարկումներից հետո առաջիկայում սպասվում են նաև առանձին քննարկումներ՝ տարբեր շրջանակների հետ: Այս պահի դրությամբ մասնագիտական հանձնաժողովի անդամները եկել են միասնական եզրակացության, որ պետք է վերացվի կայուն մեծամասնության դրույթը, ռեյտինգային համակարգը, սակայն կառավարման համակարգի փոփոխություն չի լինի:

5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ հերթական անգամ քվորումի բացակայության հիմքով չի կայացել Սահմանադրական դատարանի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։ Ավելի վաղ հայտնել ենք, որ քվորումի բացակայության պատճառով տեղի չեն ունեցել նաև հունիսի 30-ին և հուլիսի 7-ին նախատեսված նիստերը, ինչն աննախադեպ երևույթ է Սահմանադրական դատարանի 25 տարվա պատմության մեջ։

ՍԴ հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին, թերևս ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ, ինչի մասին այդքան թմբկահարում էին իշխանականները։

6․ «Փաստ» թերթը գրում է, որ հունիսի սկզբներին ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը: Նա համակարգի համար նոր մարդ չէ, ինչպես ասում են՝ «մեջից է» և կարիերան սկսել է դեռ 2009 թվականից՝ մուտք գործելով համակարգ որպես ՊԵԿ տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ, այնուհետև աշխատել է տարբեր պաշտոններում, մասնավորաբար անցել է համակարգում իրավական բլոկի բոլոր աստիճանները:

Համակարգի թերթի աղբյուրները նշում են, որ նա ՊԵԿ նախագահ է նշանակվել ոչ միայն կարգ ու կանոն հաստատելու, այլև բռնելու «անօրենների» ու «ապօրինի հարստացածների» ձեռքը:

Պատմում են նաև, որ առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում, և համակարգը համալրվելու է երիտասարդ, բանիմաց կադրերով: Թերթի տեղեկություններով՝ կադրերի ընտրության հարցն անձամբ ՊԵԿ նախագահի տիրույթում է:

ՊԵԿ-ում խոսում են, որ նորանշանակ նախագահը կադրային քաղաքականության հարցում մերժում է ԽԾԲ –ների ինստիտուտը, իսկ այս հարցում թույլ չի տալիս որևէ միջամտություն տեղակալների կողմից:

Թերթի զրուցակիցներից մեկն ասում էր նաև, թե Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում ևս երբեք «օգտակար» չի եղել իր անմիջական շրջապատին: ՊԵԿ-ի գլոբալ, մասնավորապես վարչարարության և զարգացման ծրագրերի առումով էլ խոսում են, թե նոր ղեկավարը դրանք ճիշտ է համարում, սակայն իրագործման ճանապարհին հնարավոր են շտկումներ։

7․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Թերթի տեղեկություններով՝ հանդիպման թեման գլխավորապես եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հրապարակված կրթական նոր չափորոշիչները, որոնց ընդունման պարագայում «Հայ եկեղեցու պատմություն առարկան» այլևս առանձին չի դասավանդվելու, այլ միացվելու է «Հայոց պատմություն առարկային», որը նաև դժգոհությունների պատճառ է դարձել:

Թերթի տեղեկություններով՝ այս նոր որոշումը դժգոհություն է առաջացրել հատկապես հոգևորականների շրջանում, որոնք այդ մասին բարձրաձայնել են և չեն թաքցրել, որ պայքարելու են «Հայ եկեղեցու պատմություն առարկային» առանձին կարգավիճակ տալու համար:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այս հանգամանքն է պատճառ դարձել, որպեսզի մի քանի պատգամավորների՝ Մակունցի գլխավորությամբ, «գործուղեն» Գարեգին Բ-ի մոտ՝ վերջիններիս տրամադրությունները հասկանալու, նրանց հետ բանակցելու համար: Եվ ուշագրավ է, որ իշխանական ուժի պատգամավորներն ամեն կերպ ցանկանում են թաքցնել Գարեգին Բ-ի հետ հանդիպման տեղեկությունը և որևէ մեկնաբանություն չեն տալիս։

8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանությունների անհանդուրժողականությունն ու վրեժխնդրությունը սահմաններ չունի. պարզվում է` Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը, որն աշխատում էր Լոռիում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում՝ որպես ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրեն, ազատվել է աշխատանքից։

«Դա, ըստ էության, համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ Էդմոն Մարուքյան-«Իմ քայլը» լարված հարաբերություններ էին»,- ասաց մեր աղբյուրը: Կարծում եք` իշխանությունների հորդորո՞վ է ՀՄԲՀ-ն նման որոշում կայացրել։ «Ինչո՞ւ ոչ՝ ո՛չ վարչապետից, ո՛չ փոխվարչապետից հեռու չէ նման ձեռագիրը»:

ԼՀԿ-ից հաստատել են, որ Քրիստ Մարուքյանն ազատվել է աշխատանքից, բայց չմեկնաբանեցին պատճառները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+