Երևանն ապավինում է Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ հայ-ադրբեջանական սահմանին սրումը կարգավորելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Վարդան Տողանյանը:
«Մենք նույնպես ապավինում ենք․ այսօր եղան Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները. այն, որ Ռուսաստանը կկարողանա իր միջնորդական ջանքերը գործադրել՝ դադարեցնելու համար այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին,- ասել է դիվանագետը:- Մենք ապավինում ենք ՀԱՊԿ մեր գործընկերների արձագանքին, քանի որ խոսքը Հայաստանի սահմանի մի հատվածի մասին է, որը ճանաչվել է նաև ՀԱՊԿ անդամների կողմից»:
Բացի այդ, դեսպանը նշել է, որ իրավիճակը բարդացնում են Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունները: Պատասխանելով իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննությանը ներկայացնելու հնարավորության մասին հարցին, նա նշել է, որ Երևանում քայլեր են ակնկալում առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից:
«Միակ օրինական միջազգային մանդատը տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, և Անվտանգության խորհրդի բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան այդ գործընթացի մասնակիցներն են: Մենք արդեն գիտենք Ռուսաստանի արձագանքը, մենք գիտենք Պետդեպարտամենտի, Ֆրանսիայի արձագանքը, ուստի այժմ բանակցություններ են ընթանում, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարարները երեկ շփվել են Ռուսաստանի նախարարի հետ,- եզրափակել է Տողանյանը:- Կարծում եմ, որ այս հարցը այնուամենայնիվ ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






