1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել առողջապահության նախարարության ընթացիկ տարվա պետական բյուջեի երեք ամիսների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հունիսի 30-ի որոշմամբ՝ կասեցվել է հաշվեքննությունը: Պատճառը COVID-19 է:
Պարզվում է՝ հաշվեքննության ընթացքում, հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված է կասեցվել Առողջապահության նախարարության՝ պետբյուջեի երեք ամիսների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեության նկատմամբ հաշվեքննությունը:
Սա դեռ ամենը չէ: Մեզ հայտնի դարձավ, որ կասեցման հիմքերի վերացումից հետո, Հաշվեքննիչ պալատի որոշմամբ, հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով։
2․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ բազմաչարչար օրինագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի քննարկումը հետաձգվել էր: Պատճառը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջև անհամաձայնությունը: Եվ, ահա, թերթի տեղեկություններով՝ երկար, բուռն քննարկումներից հետո, ի վերջո, հաջողվել է այդ նախագծում փոփոխություններ անել և դնել երկրորդ ընթերցմամբ քվեարկության։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ուրբաթ օրը նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Թերթի տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկման թեմա էին դարձել հենց «Ընդերքի մասին» օրենքի հետ կապված խնդիրները:
Արարատ Միրզոյանը դժգոհել է, որ միջանձնային հարաբերությունները կարող են դառնալ այնպիսի իրավիճակի պատճառ, երբ անգամ նախագծեր են հեռացվում օրակարգից:
3․ «Իրավունք» թերթը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ-կիրակի օրերին գնացել է Իջևան` մտերմիկ հավաքույթի:
Թերթի աղբյուրը հայտնում է, որ Փաշինյանը համարյա ամեն աշխատանքային շաբաթվա ավարտին գնում է ծննդավայր Իջևան:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ մի քանի օր առաջ կառավարության նիստում անցկացրին արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը փոխանցելու օրինագիծ։ Օրերս այն դրվել է շրջանառության մեջ, և ենթադրվում էր, որ մոտ օրերս կընդունվի, բայց ԱԺ-ում խոսում են, որ այն չի ներառվի այս շաբաթվա արտահերթ նիստի օրակարգ։
Բացի այն, որ նախագիծն առաջացրել է մասնագիտական հանրույթի, մարզպետարանների և հատկապես մասնավոր ԲԿ-ների տերերի դժգոհությունը, իրավական տեսանկյունից խնդրահարույց է և հում։
Չի բացառվում, որ այս փուլում իշխանությունը նահանջի, և նախագիծն օրակարգ բերվի 1-2 ամսից, երբ հաջորդ անգամ կրկին երկարաձգեն արտակարգ ռեժիմը։ Չնայած ուժգնացող պահանջներին, ՀՀ իշխանությունը հակված է մինչև դեկտեմբեր այս երանելի ռեժիմը Հայաստանում պահելուն:
5․ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ներկայումս ձեռնամուխ են եղել հանրության շրջանում ՀԿ-ների դերի բարձրացման հատուկ քաղաքականության մշակման գործին։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, դա արտաքին որոշակի պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործընթաց է, որը ներկա փուլում փորձում են կյանքի կոչել։
Թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ հիմնական համեմատությունը տարվել է եկեղեցու հետ, նշվել է, որ հանրության շրջանում եկեղեցին բավական բարձր վարկանիշ ունի։
Ըստ տեղեկությունների, Փաշինյանին զեկուցել են, որ հայաստանցիների վստահությունը շարունակում են վայելել բանակն ու եկեղեցին, փոխարենը ընդհանրապես վստահություն չունեն հասարակական կազմակերպությունները։
Արևմտյան հայտնի աղբյուրներից ֆինանսավորվող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ մտահոգ կերպով հայտարարել է, թե «դա տեղի է ունեցել տարիներ շարունակ տարվող պետական քաղաքականության ու պրոպագանդայի պատճառով»։
6․ «Իրատես» թերթը գրում է, թե Նիկոլ Փաշինյանի մեծ ռևերանսը` ավետարանչական եկեղեցու նկատմամբ, Սահմանադրության դրույթի հերթական խախտմամբ` նույն կարգավիճակի ու հարթության մեջ դնելու հայ առաքելական եկեղեցին ու ավետարանչական եկեղեցին, պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այդ եկեղեցու հիմնական մասնաճյուղը` «Կյանքի խոսքը», հեղափոխության օրերին զինվորական կարգապահությամբ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։
Վերջինիս սպասումները, սակայն, Փաշինյանը չի արդարացրել` «փայ մտնելու» հարցերում. ավելին` կառավարությունում պաշտոն ստացած նրանց ներկայացուցիչ Գևորգ Աճեմյանը խիստ ցուցադրաբար հեռացվել էր աշխատանքից, ինչը վերջիններս շատ ծանր են տարել:
Ասում են` այդ օրերին անգամ նրանք կամուրջներ են փնտրել դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, նույնիսկ հանդիպում է եղել: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «փռվել է ասֆալտին», վերջինս փորձում է առաքելական եկեղեցու հեղինակության հաշվին հետ բերել «անառակ որդիներին»` սպասվող ներքաղաքական զարգացումներում նրանց «ներուժը» կրկին օգտագործելու համար»:
7․ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են ՏԻՄ-երի հետ կապված դիմել նոր կարգավորման։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, քաղաքական որոշում է կայացվել և առաջիկայում գործընթաց է սկսվելու, որի արդյունքում նախատեսվում է այն համայնքներում, որտեղ չկան քաղաքական ուժեղ թիմ և հստակ աջակցություն տվյալ համայնքապետից, համայնքապետի տեղակալներ նշանակել տալ «սվոյ» մարդկանց։
Թերթի տեղեկություններով, մարզպետները կառավարությանն արդեն իսկ ներկայացրել են «ռիսկային» համայնքների ցուցակը,և արդեն ընթանում են հստակեցման աշխատանքներ։
Ներկայումս իշխանությունը տեղերում մի յուրահատուկ «քասթինգ» է անցկացնում և փորձում հասկանալ տեղերում իրենց հնարավորությունները։
Իշխանությունները մտադիր են նմանօրինակ քայլով տեղերում թուլացնել «չուժոյ» համայնքապետների դիրքերը, ինչն էլ իր հերթին հող կնախապատրաստի ապագայում մարզերում ողջ իշխանությունը սեփական թիմակիցների ձեռքը վերցնելու համար և առաջիկա ՏԻՄ (գուցե՝ ոչ միայն ՏԻՄ) ընտրություններին լավ նախապատրաստվելու համար։
Զուգահեռ, թերթի տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում փոփոխություններ են նախատեսվում է մարզպետարանների գործառույթների մասով. ըստ այդմ, նախատեսվում է ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք մարզպետներին կդարձնեն զուտ քաղաքական «մահակ»։
8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն ԱԺ կանոնակարգում փոփոխություններ են նախաձեռնում՝ ուզում են ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել, ինչպես նախկինում էր։ Նոր կանոնակարգով էթիկայի հանձնաժողովը ժամանակավոր է՝ կոնկրետ դեպքի համար ստեղծված:
Մշտական հանձնաժողով ունենալու հարցն օրակարգ է բարձրացել ԲՀԿ-ի դեմ պայքարի շրջանակներում, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի «համար»։
Նրանք հայհոյախառն հաղորդագրություններ էին ստացել և համարժեք պատասխանել։ Իմքայլականները հեռուն գնացող ծրագիր ունեն։ Երբ հանձնաժողովն արձանագրի, որ նրանք խախտել են էթիկան, արդեն կնախաձեռնեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնելու գործընթաց և փակ քվեարկությամբ կորոշեն հարցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






