ՍԴ նախկին անդամներն իրավունք ունեին դիմել Եվրոպական դատարան, ինչը և արել են, իրացրել են իրենց իրավունքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Այն, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պետք է կայացնի, թե՝ ոչ, ինչպես ձեր հարցի մեջ պնդում էր արվում, տեղյակ չեմ, վստահ չեմ ամեն դեպքում»,-ասաց ԱԺ նախագահը։
Դիտարկմանը, որ ՀՀ նախագահն առաջարկել է, որ ՍԴ երեքական անդամների նշանակեն կառավարությունը, ՀՀ նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը, Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ նախագահը երկու անգամ թեկնածու է առաջադրել, որը չի ընտրվել ԱԺ-ի կողմից և մեկ անգամ առաջադրել է թեկնածու, որն ընտրվել է:
«Գործող սահմանադրական կարգավորումներով դատարանակազմ մարմինները, այդ թվում նախագահը, առաջարկում են թեկնածություններ, ընտրությունը թողնված է ԱԺ-ին: Այսինքն՝ վարվել ենք այնպես, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը: Այն, ինչ առաջարկում է ՀՀ նախագահը, ենթադրում է սահմանադրական փոփոխություններ: Գիտեք, որ կա և գործում է Սահմանադրության փոփոխությունների մշակող հանձնաժողով և կարծում եմ, որ ՀՀ նախագահը թերևս պաշտոնապես կամ բանավոր դիմի այդ հանձնաժողովին: Որքան տեղեկացված եմ, այդ հանձնաժողովում քննարկում են ամենատարբեր առաջարկներ: Ինչպիսին կլինի վերջնարդյունքում հանձնաժողովի առաջարկը, Աստված գիտի»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ իր կարծիքով գործող մեխանիզմը բավական հաջող է: