Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

Ինձ պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալ ներկայացնողները չգիտեն՝ ում հետ գործ ունեն

Ինձ պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալ ներկայացնողները չգիտեն՝ ում հետ գործ ունեն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է վերջին մի քանի օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվող և շահարկվող լրատվությանն առ այն, թե իբր իրեն պատկանող հաստատությունում ՀԴՄ կտրոն չի տրամադրվում։

Աղաջանյանը նշել է, որ շրջանառվում է նաև մի ավտոմեքենայի լուսանկար, որն օրենքի խախտմամբ կայանած է տվյալ սրճարանի դիմաց, որով փորձ է արվում բնութագրել իրեն, որպես օրինախախտ և հղփացած պաշտոնյա, ով իրեն համարում է օրենքից վեր և կայանում է ծառայողական ավտոմեքենան օրենքով չնախատեսված վայրերում։

«Ավաղ նման ապատեղեկատվությանն անդրադառնալն իր մեջ պարունակում է դրանց էլ ավելի մեծ կարևորություն տալու, դրանով իսկ էլ ավելի տարածելու ռիսկեր։ Մյուս կողմից՝ չարձագանքելն իր մեջ պարունակում է հանրության գիտակցության մեջ որոշակի նստվածքի առկայություն, որը երկարաժամկետ ժամանակահատվածում ձևավավորում է աղավաղված պատկերացում տվյալ անձնավորության, պաշտոնյայի կամ երևույթի նկատմամբ»,-նշել է նա։

Աղաջանյանը անդրադարձել է մեղադրանքներին հերթով և առավել հանգամանալից։

«1. Մինչ 2018-ի մայիսյան իրադարձությունները ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ, զուգահեռ աշխատելով HSBC բանկում։ Սրճարան/ակումբը, որը հիշատակվում է շրջանառվող հոդվածում՝ հանդիսացել է ինձ պատկանող ձեռնարկությունը, որով զբաղվել եմ դեռևս 2014 թվականից։ Բնականաբար պաշտոնի ստանձման առաջին իսկ օրվանից հաստատության գործունեությունը դադարեցվել է թե՛ ֆորմալ առումով և թե՛ փաստացի։ Այն վերագործարկվել է 2019 թվի դեկտեմբեր ամսից, իսկ ԱՁ-ն ձևակերպվել է հաստատության փաստացի կառավարիչ հանդիսացող անձի անվամբ։ Ըստ այդմ՝ ինքս ո՛չ ֆորմալ առումով և ո՛չ էլ փաստացի որևէ ներգրավվածություն չեմ ունեցել և չէի էլ կարող ունենալ դրա ընթացիկ գործունեության մեջ։ Եվ քանի որ ի սկզբանե այն ձևակերպված չի եղել որպես ՍՊԸ, հավատարմագրային կառավարման հանձնելու տարբերակ ևս չի եղել։ Այսքանը տվյալ հաստատության և իմ կապի մասին։ Կարծում եմ այս նախաբանը կարևոր է հետագա պարզաբանումների համատեքստում։

Ինչպես արդեն նշեցի՝ վերաբացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբեր ամսին։ Այս ժամկետը կարևոր է, քանի որ թվով 11 000 նորաբաց տնտեսավարողներ այդ օրերին ՀԴՄ տպող սարք ձեռք բերելու հայտ էին ներկայացրել ՊԵԿ, որոնց Հայաստան ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նորաբաց տնտեսավարողներին թույլ կտրվի գործունեություն ծավալել առանց ՀԴՄ տպող սարքերի, վերահսկողությունը սահմանելով մոնիթորինգային վարչարարության միջոցով։ Նախատեսվում էր մինչ ՀԴՄ սարքերի ձեռքբերումը տնտեսավարողների գործունեության հայտարարագրերի միջոցով արձանագրել այդ ընթացքում տեղի ունեցած շրջանառությունը, որի հիման վրա կհաշվարկվեր կուտակված հարկային պարտավորությունը։

Ըստ այդմ՝ սույն հաստատությունը վերը նշված թվով 11 000 դիմումատուներից մեկն էր, որի գործունեության հետ կապված որևէ խնդիր չկար և չէր կարող լինել։ Իսկ շրջանառվող տեսահոլովակը պատրաստվել է ձմեռվա ամիսներին, երբ ՀԴՄ սարքերի դեֆիցիտ կար։

Իհարկե ցավում եմ, որ ստիպված եմ այսքան ժամանակ ծախսել տարատեսակ անհեթեթ մեղադրանքներին արձագանքելու համար, սակայն ինչպես արդեն նշեցի՝ անտեսելու պարագայում մեր քաղաքացիների որոշ շրջանակի մոտ կարող էր առաջանալ տարընկալում։ Հետևաբար միշտ ասել եմ և կշարունակեմ պնդել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսավարողները այդ գումարի չափով գողանում են պետությունից, թողնելով դրանից բխող բոլոր հետևանքները Հայաստանի պաշտպանության, առողջապահության, կրթության, տարածքային զարգացման և այլ ոլորտների վրա։ Եվ այս պատասխանատվությունը պետք է կիսեն ցործարքի բոլոր կողմերը հավասարապես (գնորդ, վաճառող)։

2. Ինչպես արդեն փաստեցի՝ քննարկվող հաստատությունը հանդիսացել է ընտանիքիս սեփականությունը դեռևս 2014 թվից, հետևաբար իմ այնտեղ աշխատանքային ժամից հետո պարբերական այցելությունը թերևս բացատրելի է։ Սակայն այստեղ կարևորագույն շեշտադրումը կայանում է նրանում, թե արդյո՞ք ես աշխատանքային ժամերից դուրս, օգտագործելով ծառայողական մեքենա՝ այցելում եմ այնտեղ, ենթադրաբար վարորդին սպասեցնելով, մինչ ես կբարեհաճեմ ավարտել «սուրճս»։ Ըստ ապատեղեկատվություն տարածողների՝ հենց սրանում է կայանում խնդրի էությունը, թե հերիք չի սա ավտոն աշխատանքային ժամերից դուրս իր անձնական հաճույքների համար է օգտագործում, մի հատ էլ տեսեք թե որտեղ է կայանում։ Նախ ասեմ, որ կայանման կանոնների խախտումը որևէ արդարացում չունի, բացառությամբ ծառայողական որոշ դեպքերի, որոնք առնչվում են կոնկրետ գործառույթ ունեցող պաշտոնատար անձանց։ Սակայն հետաքրքրականն այն է, որ աշխատանքային օրվա ավարտին պես, ինքս գրեթե միշտ անցնում եմ իմ սեփական ավտոմեքենայի օգտագործմանը կամ քայլում եմ ոտքով։ Հրապարակված նկարներն ունեն առնվազն մի քանի ամսվա վաղեմություն և արվել են լավագույն դեպքում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Ինչու՞ եմ նշում այս հանագամանքը։ Քանի որ ես կարողանում եմ մտաբերել ընդամենը 2-3 դեպք, երբ գործնական հանդիպումից առաջ 1-2 րոպեով մտել եմ սրճարան կոնկրետ նպատակով, որի ընթացքում ավտոմեքենան կայանված է եղել անմիջապես դիմացը և սպասել իմ ելքին։ Թերևս միանշանակ է, որ իմ բացթողումն է եղել կայանատեղիի խախտումն անուշադրության մատնելը և այս առումով ամբողջությամբ ընդունում եմ իմ մեղքի բաժինը։ Իսկ թե ով և ինչ նպատակով է այս կարճ ժամանակահատվածում «հասցրել» այն նկարել դեռևս հունվար-փետրվար ամիսներին և որոշել դրանք հրապարակել այս օրերին՝ կարող եմ կռահել։

Եվ այսպես, ամփոփելով վերը նկարագրված եղելությունը՝ ուզում եմ ասել հետևյալը.

Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում և չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն։ Զավեշտալին այն է, որ հաճախ իրենք լինելով «պորճիզմի» մարմնացում, փորձում են ինձ բնութագրել, որպես իրենց չիրականացված երազանքների արդյունք։ Ուղղակի հիշեցնեմ, որ այդ արժեհամակարգն ինձ օտար է այնքան, որքան ծախու լրագրողների/գործիչների համար օտար են հայրենիքի և արժանապատվության հասկացությունները։ Այս ճգնաժամային օրերին նման համակողմանի լրատվական գրոհը չի կարելի որակել այլ կերպ, քան ազգային դավաճանություն։ Վստահաբար ճգնաժամը կհաղթահարվի։ Իսկ թե դրանից հետո ով որտեղ կհայտնվի՝ ժամանակը ցույց կտա»,-եզրափակել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+