Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում վարչապետը նշել է, որ այս տարի, համավարակով պայմանավորված, Կանադայի օրը փոքր-ինչ այլ կերպ է նշվելու: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ օրվա խորհրդի թելադրանքով կանադացիներն այն կանցկացնեն բարձր և տոնական տրամադրությամբ:
«Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերության և փոխվստահության մթնոլորտում զարգացող բարեկամական հարաբերությունները։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերություններն առանձնահատուկ լիցք ու երանգ են հաղորդում տարբեր մակարդակներում ընթացող հայ-կանադական երկխոսությանը։ Անշուշտ, երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում ուրույն տեղ ունի նաև կանադահայ համայնքը»,-նշել է կառավարության ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






