Ազգային ժողովը արտահերթ նիստին քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը անդրադարձավ Հրայր Թովմասյանի խորհրդականներից Գրիգոր Մուրադյանի՝ հունիսի 25-ին հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարություններին:
Նա նշեց, որ Մուրադյանը Հայաստանի իշխանությունների, ՀՀ նախագահի հասցեին տարատեսակ վիրավորանքներ ու լուտանքներ է հնչեցրել:
«Նրա լեքսիկոնը մոլագարության աստիճանի է հասնում։ Նա չի թաքցրել, որ 2018 թվականի «թավյա հեղափոխության», ՀՀ ժողովրդի նկատմամբ ատելություն է տածում։ Այնքան տարված է խոսում, որ խոսքի մեջ մի այսպիսի արտահայտություն է անում: Մեջբերում եմ՝ «ՍԴ ռազմավարությունն էր՝ ոչ մի դեպքում չընկրկել և, ամենակարևորը՝ հարկադրել, որ այս իշխանությունները միայն հակաիրավական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին»: Հասկանո՞ւմ եք՝ խոսքը հանրային ծառայողի մասին է, որը պետբյուջեից աշխատավարձ է ստանում, ով ժովովրդի վճարած հարկերի միջոցով է աշխատավարձ ստանում։ Ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձևակերպված իշխանություններին ինչ-որ բան հարկադրելու մարտավարություն են իրականացրել: Ինձ ուղղակի հետաքրքիր է՝ տվյալ անձի՝ Հայաստանի իշխանություններին ամեն կերպ վնաս տալու մոլուցքը մինչև ո՞ւր է գնացել»,- ասաց Հովակիմյանը:
Հովակիմյանի խոսքով՝ պետք է հասկանալ ՀՀ իշխանություններին վնասելու իր մոլուցքով այս անձև մինչև ուր է հասնելու։
«Այդ լուտանքների վրա ուշադրություն պետք չի դարձնել։ Մեղք կլինի վիրավորվել Թովմասյանի խորհրդականի վիրավորանքներից»,- ասաց Հովակիմյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






