ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում երկու հարց է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթը: Այն նախատեսված է երկու ընթերցմամբ ընդունել 24 ժամում, ինչի մասին որոշումը հաստատվեց խորհրդարանի քվեարկությամբ։
Ընդ որում՝ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները չեն ներկայացել նիստին։ Քվեարկություններին մասնակցում են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնց շարքերն էլ լիարժեք չեն, քանի որ կորոնավիրուսով վարակված ու մեկուսացած պատգամավորներ կան։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ հունիսի 26-ից ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխությունները, և դրանով պայմանավորված՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթները անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը:
«Դա, ըստ էության, հրատապ խնդիր է, որովհետև օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը, և այդ խնդիրը մենք հրատապության կարգով պիտի լուծենք»,- տեղեկացրեց պատգամավորը:
Իմքայլական Սուրեն Գրիգորյանի զեկուցման համաձայն՝ հիմնական կարգավորումը վերաբերում է ՍԴ կազմից հեռացված դատավորների թոշակի հարցերին, բայց նաև սահմանում է որոշ այլ հարցեր, որոնք վերաբերում են 3 ազատված դատավորների փոխարեն նոր դատավորների նշանակմանը, ընթացիկ դիմումների քննարկմանը և այլն։
Ըստ նրա՝ առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի` առաջին առաջադրումը կատրավելու է՝ առաջինը՝ ՀՀ կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:
«Երեք դատավորների ընտրությունից հետո նոր պետք է Սահամանդրական նախագահ ընտրվի: Ըստ էության՝ մենք կանոնակարգումներ ենք անում, որ չունենանք հակասություն, բայց սա չի նշանակում, որ եթե օրենքը չարժանանա խորհրդարանի դրական քվեին, դա կնշանակի Սահմաանդրական փոփոխություններն ուժի մեջ չեն մտել: Դա այդպես չէ, Սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, և այդ փաստով երեք դատավորի լիազորությունները դադարել են, նախագահի՝ դատավորի լիազորությունները ևս դադարել են»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






