1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի շուրջ «կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գոգյանը պատրաստվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունում առկա ակնհայտ թարգմանությունների և արտագրությունների մասին ապացուցողական փաստեր հրապարակել:
Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ, որը հայտարարեց, թե ինքն այս պահին էլ աշխատում է, վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումից էլ դեռևս որևէ նորություն չունի: Իսկ ինչ վերաբերում է Դիանա Գալոյանի ատենախոսության մասով բացահայտումներին, այդ մասով նշել է, որ հարց է բարձրացրել և պատասխանի ակնկալիք ունի:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և խմբագրել թույլ տված սխալները, որպեսզի կյանքի կոչվեն սահմանադրական փոփոխությունները, ՍԴ 3 դատավորի լիազորությունները դադարեցվեն, Հրայր Թովմասյանն էլ դառնա շարքային դատավոր։
Սակայն հարց է՝ իշխող թիմը կկարողանա՞ սահմանադրական օրենքների ընդունման համար պահանջվող 79 ձայնն ապահովել։ Հունիսի 23-ից ԻՔ 6-7 պատգամավոր հայտնել են, որ վարակվել են կորոնավիրուսով՝ Ծովինար Վարդանյան, Արեն Մկրտչյան, Քրիստինե Պողոսյան, Կարեն Համբարձումյան, Հայկ Գեւորգյան, Վիկտոր Ենգիբարյան, Հակոբ Սիմիդյանն էլ չի հերքել իր մասին լուրը։
Նրանց կողքին ԱԺ-ում նստող առնվազն 2-ական պատգամավոր պետք է 14 օր ինքնամեկուսացման մեջ գտնվի։ ԱԺ աշխատակազմի ղեկավարը երեկ «Փաստինֆո»-ին ասել էր, որ ԱԺ-ում կա «5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր և մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»։ Բանն այն է, որ եթե վարակակիրները մասնակցեն նիստին, քրեորեն պատժելի արարք գործած կլինեն, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն արտահերթին չմասնակցելու որոշում ունեն:
3․ «Իրավունք» թերթը գրում է, որ կառավարությունը շարունակում է համալրվել նախկին իշխանական կադրերով: Այսպիսով` շրջակա միջավայրի նախարարի անժամկետ պաշտոնակատար է դարձել Վահե Ջիլավյանը` մի մարդ, ով բնապահպանության հետ կապ ունի այնքանով, որքանով օրվա իշխանությունն ազգային պահպանողական գաղափարախոսության հետ, այսինքն` ոչ մի կապ:
Սակայն, առավել հատկանշական է Վ. Ջիլավյանի անցած ուղին: Նա նախկինների օրոք աշխատել է հնարավոր բոլոր նախարարություններում` սկսած ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից վերջացրած ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունով, էլ չենք ասում, որ եղել է ՀՀ սփյուռքի փոխնախարար և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ` կրկին նախկինների օրոք:
4․ «Փաստ» թերթը գրում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը տասն օր առաջ ասել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել:
Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ՀԾԿՀ-ին ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Թադևոսյանը նաեւ հայտնել էր, որ կրճատումներից բացի, սպասվում են նաեւ աշխատավարձերի կրճատումներ:
Երեկ «Փաստ» թերթին տեղեկություններ էին հասնում, որ ընկերությունն արդեն իր բոլոր աշխատակիցներին պարտադրել է ստորագրել աշխատանքային պայմանագրի հատուկ տարբերակ, որով նրանք «տալիս» են իրենց համաձայնությունը աշխատավարձի 20 տոկոսի կրճատման վերաբերյալ։
5․ «Փաստ» թերթը գրում է, որ վերջին շրջանում տարբեր շրջանակներ սկսել են թիրախավորել ԲԴԽ-ն՝ նշելով, թե այն նույնպես սպասարկում է «նախկիններին»։
Թերթի տեղեկություններով, իշխանության շրջանում վերջերս նախնական որոշում է կայացվել, և մինչև սեպտեմբեր տարբեր սատելիտների միջոցով հրապարակ կնետվի, իսկ սեպտեմբերից արդեն բաց տեքստով առաջ կքաշվի ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականի հարցը։
6․ «Իրատես» թերթը գրում է, որ Մշակույթի նախկին փոխնախարարներ Տիգրան Գալստյանն ու Նազենի Ղարիբյանը, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պաշտոնավարել են այն ժամանակ դեռ գոյություն ունեցող մշակույթի նախարարությունում, այժմ կրկին պաշտոնի ակնկալիք ունեն: «Իրատեսի» ունեցած տեղեկություներով՝ Նազենի Ղարիբյանը հավակնում է գիտահետազոտական ինստիտուտներից մեկի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելուն:
Գալստյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնին է հավակնում, որ Վահագն Վերմիշյանի ձերբակալությունից հետո թափուր է մնացել:
7․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով: Ու այս առիթով արդեն նյութեր են նախապատրաստվում:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այս դիմումը կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ վերջին մեկ ամսվա հայտարարությունների հետ»:
8․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ հունիսի 26-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում. 40-ամյա տղամարդը բարձրահարկ շենքից իրեն ցած էր նետել ու ինքնասպան եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդու ինքնասպանությունը կապում են գործարար Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Գալուստյանի և նրա որդու՝ Ալեն Գալուստյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ինքնասպանություն գործած տղամարդը՝ Մանվել Ավետիսյանը, աշխատել է «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությունում, որը պատկանում է հենց գործարար Ռոբերտ Գալուստյանին: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա պարտք է եղել Գալուստյանին եւ վերջինիս որդուն՝ Ալեն Գալուստյանին: Նրանք Մանվելից պահանջել են իրենց պարտքը, որը մի փոքր ուշացումով, բայց կարողացել է հավաքել գումարը եւ վերադարձրել։
Եվ որպեսզի այլ խոսակցություններ չծավալվեն, նա կրտսեր Գալուստյանի մոտ է գնացել իր կնոջ հետ: Բայց, ինչպես երեւում է, պարտատերերն անգամ հաշվի չեն առնել, որ իրենցից մշտապես յուղ վերցնող եւ վաճառող Մանվելը կնոջ հետ է եղել, այնքան էլ հաճելի խոսակցություն չի ծավալվել, եւ, ըստ ամենայնի, Մանվելն իրեն վատ է զգացել, որ կնոջ ներկայությամբ այդպիսի իրավիճակում է հայտնվել։ Կարճ ասած, տուն գնալուց որոշ ժամանակ հետո իրեն ցած է նետել պատշգամբից:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Գալուստյանի՝ Բենզին Ռուբոյի հետ, որը հաստատեց, որ 40-ամյա տղամարդու հետ պարտքուպահանջի հարց է եղել: «Ինքը պարտք է եղել, եւ ես նոր եմ իմացել, 1 միլիոնի չափ է եղել պարտքը: Անձամբ իմ որդուն՝ Ալենին, պարտք չի եղել: Որեւէ խնդիր չի եղել, կնոջն է՛լ, իրեն է՛լ շատ հարգանքով են դիմավորել»։
9․ «Հրապարակ» թերթը գրում է, որ մարտի 1-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը, թերթի տեղեկություններով, որոշել է դուրս գալ համակարգից։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ մասնավոր սեկտորից աշխատանքի առաջարկ է ստացել, բայց ՀՔԾ-ում խոսում են, որ էլ չի դիմանում ճնշումներին եւ զզվել է Մարտի 1-ի անհեռանկար գործից։
Թերթում կապվեցին Մուշեղյանի հետ, ով ասել է՝ հիմա գործիս տեղում եմ, աշխատում եմ, առաջիկայում էլ աշխատելու եմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






