Եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա շատ անամոթ և անբարո քայլ եղած կլինի, լրագրողներին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին այն մասին, որ Սահմանադրությունը փոխելու օրենքի նախագծի ժամանակ ձայներ ապահովելու նպատակով իշխանական ֆրակցիան ստիպել է կորոնավիրուսով վարակված երկու գործընկերոջ գալ ու մասնակցել քվեարկությանը։
«Ես տեղեկություն չունեմ, գիտեմ, որ «SOS» ռեժիմով բոլոր պատգամավորները բերման են ենթարկել։ Վստահ տեղեկատվություն չունեմ, բայց մեզ ասել են, որ նման բան է եղել ու ասել են այդ երկու պատգամավորի անունը, ովքեր վարակակիր էին, իրենք ձեռնոցներով, դիմակներով եկել են քվեարկելու։ Եթե դա իրականություն է, սա համարում եմ անբարո քայլ», — ասաց Զոհրաբյանը։
Անդրադառնալով գույքահարկի մասին օրենքին, Զոհրաբյանը նշեց, որ այն բավականաչափ վտանգավոր օրենք է, այս սոցիալական լարվածության պիկի ժամանակ քաղաքացու դեմ ուղղված աննախադեպ քայլերից մեկն է։
«Ես մտավախություն բացարձակ չունեմ, խնդիրը ես չեմ, իմ բնակարանը շատ փոքր բնակարան է, «խռուշչովկա» է՝ Աբովյան փողոցի վրա», — ասաց նա՝ անդրադառնալով սոցցանցերում գույքահարկի բարձրացման դեմ ուղղված ֆլեշմոբին միանալուն։
Զոհրաբյանն ընդգծեց, որ օրենքը վնասելու է մի շարք մարդկանց, այդ թվում ինքն անձամբ ճանաչում է մտավորականների, ովքեր փոքր կենտրոնում ժառանգել են բնակարաններ իրենց ծնողներից ու հիմա չեն աշխատում, հետևաբար իրենց համար դժվար կլինի բարձր հարկ վճարել:
Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, որ եթե մարդիկ գումար չունեն, ապա թող ծախեն կենտրոնի իրենց բնակարաններն ու ծայրամասեր տեղափոխվեն, Զոհրաբյանն ասաց․
«Ես սա ցինիկ վերաբերմունք եմ համարում լուրջ վաստակ ունեցող մտավորականների հանդեպ»։
Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակակիրներ կան նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքում, Զոհրաբյանն ասաց, թե ինքն անձամբ նման տեղեկություններ չունի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






