ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց: Նրանք նամակներ են հանձնել ոչ միայն ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, այլ նաև ՀՀ-ում եղած բոլոր ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին:
ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողներին հայտնեց, որ նամակով ներկայացնում են նկարագրություն իրավական տեսանկյունից այն ամենաթողության, որ տեղի է ունենում Հայաստանում ՍԴ-ի հետ և առհասարակ ժողովրդավարական գործընթացների տրամաբանությամբ:
«Ինչի՞ ենք սկսել ԵՄ պատվիրակությունից, որովհետև տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, թե Եվրոպական կազմակերպությունները լուռ են այս հարցերի վերաբերյալ, այնինչ Վենետիկի հանձնաժողովը, ԵԽ-ն և մյուսներն արտահայտել են իրենց կարծիքն այս ամենաթողության վերաբերյալ»,-ասաց նա:
Մամիջանյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը պահպանվում է միայն մեկ նպատակով, որ նման ակցիաներ հնարավոր չլինի իրականացնել: «Մենք նման ակցիաներ անում ենք, որ այս իշխանությունները հասկանան՝ իրենք ամեն ինչ անել չեն կարող, վաղ թե ուշ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը հատակին պետք է կպնի, որ հասկանան՝ ամեն ինչ չէ, որ կարող են անել»,-նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






