Հայոց Ցեղասպանության ճանաչումը վաղեմության ժամկետ չունի, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եգիպտական «Ալ Ահրամ» թերթին տված հարցազրույցում: Հարցազրույցի տեքստը հրապարակվել է Նախագահի մամուլի ծառայության կողմից:
Հարցազրույցում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի պատմությունը, 1915 թվականի Ցեղասպանությունը, թուրքական ղեկավարության նման գործողությունների պատճառները, ինչպես նաև անդրադարձել Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած կորուստներին:
«Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային և նյութական վիթխարի կորուստների մասին: Եվ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստն էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:
Մեկ այլ կարևոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրա այլևս չկան համախումբ ապրող հայեր: Եվ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթները, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձևավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ», — ասել է նախագահը ։
Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ոչ միայն հայերին, այլ առաջին հերթին համամարդկային արժեքների նկատմամբ վերաբերմունքի, այդ չարիքը կանխելու խնդիր է:
Նախագահի խոսքով՝ այսօր միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը չի կասկածում Ցեղասպանության փաստին: Միևնույն ժամանակ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է Անկարայի հետ հարաբերությունների այսրոպեական տնտեսական կամ քաղաքական շահերի տեսանկյունից:
Նախագահն ընդգծել է, որ Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի։ «Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար», – ասել է Արմեն Սարգսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






