ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ինքն ամոթ է ապրել ԱԺ-ում տեղի ունեցած գործընթացների համար։
«Ես կարող եմ ասել, թե ինչն է ինձ մոտ ամոթ առաջացնում։ Ինձ մոտ ամոթ է առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, ամրագրել այդ մոդելը, այնուհետև ընդամենը մի քանի օր առաջ նախորդ Սահմանանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի պաշտոնավարել այդ պաշտոնում ցմահ։ Դա իրոք ամոթ է։ Ինչպես նաև ամոթ է քաղաքական իրենց առաջնորդի կատարածը, երբ ի լուր ամբողջ աշխարհի և մեր ժողովրդի ստեց, որ Սահմանադրությունը չի փոխվում իր վերարատադրության համար։ Եվ հետո կատարվեց այն, ինչ կատարվեց»,- նշեց Բադասյանը:
Բադասյանն անդրադարձավ հարցադրմանը, թե իրավական առումով նորմա՞լ է, երբ ՍԴ երեք անդամներ ու նախագահը կարող են քաղաքական մեծամասնության մեկ որոշմամբ զրկվել իրենց կարգավիճակից:
«Ես այդ հարցին հարցով կպատասխանեի՝ որևէ մեկի համար նորմա՞լ է, որ ունենանք Սահմանադրական դատարան, որի մոդելն այն է, որ դատավորները 12 տարով են պաշտոնավարում, և այդ ՍԴ ներսում իրավիճակ ունենանք, որ 7 դատավոր պաշտոնավարում է ցմահ, իսկ նոր նշանակված 2 դատավոր և ապագայում նշանակվող դատավորները՝ 12 տարով։ Այստեղ շատ կարևոր է ֆիքսել, որ չի կարող մի մարմնում լինել երկու տարբեր կարգավիճակներ ունեցող անձինք, այդ թվում՝ պաշտոնավարման ժամկետի առումով։ Եվ փոփոխությունների ամբողջ իմաստն ու ոգին այդ մոդելի կյանքի կոչումն է»,- նշել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






