Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խորհրդարանի ընդունած Սահմանադրության փոփոխությունների թեմայով հնչած քննադատություններին:
««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրականացնում են ժողովրդի քվեով տրված իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015թ. Սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ ներկայիս մոդելը, որն այժմ չի համապատասխանում»,- նշեց Մակունցը: Ըստ նրա՝ ՍԴ-ն որպես դատական իշխանության կարևոր կենտրոններից մեկը՝ առնվազն մթնոլորտի առումով մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա:
Մակունցն անդրադարձել է նրան, թե ինչպես կընդունեն միջազգային գործընկերներն այն փաստը, որ Սահմանադրության փոփոխության մասին քվեարկությանը խորհրդարանում ներկա չէր ընդդիմությունը:
«Եթե խոսում ենք միջազգային գործընկերների կարծիքի մասին, ի դեմս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, ապա ամեն ինչ առավել քան հստակ է. եզրակացության առանցքային, կոնցեպտուալ հատվածի հետ կապված տարաձայնություններ չկան, իսկ մնացյալ դետալների առումով ընտրել ենք ճանապարհը, որ կարող է թուլացնել լարված իրավիճակը:
Հիշեցնեմ՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության քվեարկությանը, ապա ընդդիմության իրավունքն է՝ մասնակցել կամ չմասնակցել: Քաղաքական մեծամասնությունն այստեղ որոշում չի կայացնում: Մյուս կողմից, «ԱԺ կանոնակարգ օրենքով», Սահմանադրությամբ սահմանվում են, թե ինչպես են ընդունվում ԱԺ որոշումները»,- պարզաբանել է Լիլիթ Մակունցը:
Նա անդրադարձավ նաև սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու ընթացակարգին: «Նախագահի ստորագրելու հետո 24 ժամ անց ԱԺ նախագահն էլ կարող է հրապարակել ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքները: Դրանից դարձյալ 24 ժամ անց քվեարկության արդյունքները կմտնեն ուժի մեջ»,- մանրամասնեց Մակունցը: Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրելուն, ապա Մակունցը նկատեց, որ նրանց պետք է ներկայացնի նախագահը, կառավարությունն ու դատավորների ընդհանուր ժողովը: «Երբ ներկայացնեն՝ կքննարկենք»,- ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






