1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը, գրավով ազատվելուց հետո, մի կողմից վերականգնողական բուժում է ստանում, մյուս կողմից՝ բուռն հանդիպումների մեջ է։ Նա նախ հանդիպել է իր զինակիցների, թիմակիցների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։
Մասնավորապես, կայացել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումը։ Երկու նախկին նախագահների հարաբերությունները բավականին բարդ են, բայց նրանք հասկանում են, որ պետք է հարթեն իրենց հակասությունները և համատեղ գործողությունների ծրագիր մշակեն, նաև կոնսոլիդացնեն ողջ ընդդիմադիր դաշտը։
Ռ․ Քոչարյանի գրասենյակից հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ:
2․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում ՀՀԿ-ն շատ ակտիվ գործունեություն է պատրաստվում ծավալել: Նախկին իշխող կուսակցությունը պատրաստվում է դիմել գրեթե բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի դրսի կառույցներն ու ազդեցության օղակները կոշտ արձագանքեն նախօրեին խորհրդարանում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին:
ՀՀԿ-ականները մտադիր են ամեն ինչ անել` իշխանություններին ծանր «հարվածներ» հասցնելու համար միջազգային կառույցների շուրթերով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն է և իրենք իենց տեսակետները հայտնել ենք նաև այս քաղաքական օրակարգի և վերջին զարգացումների հետ կապված, ինչպես նաև ԱԺ-ում տեղի ունեցած ուզուրպացիայի հերթական փուլի կապակցությամբ պաշտոնական տեղեկություն տվել են ինչպես մեր եվրոպական գործընկերներին, այնպես էլ միջազգային քաղաքական ընտանիքներին:
3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի վերջո ստորագրեց օրենքների փաթեթը, որով սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար իր ստորագրությունն անհրաժեշտ չէ և բավարար է, որ Ազգային ժողովի կայքում հրապարակվի այդ մասին: Եվ ահա, սահմանադրական փոփոխություն կատարելու մասին նախագծում ամրագրված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Այսինքն, եթե անգամ Արարատ Միրզոյանն այն այսօր ստորագրի, այն ուժի մեջ կմտնի միայն վաղը` հունիսի 25-ին: Եվ հենց այստեղ է թաքնվամ ինտրիգը:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն նախաձեռնել է ստորագրահավաք ՍԴ դիմելու համար, ունի 25 ստորագրություն և պակասում է երկու պատգամավորի ստորագրություն և դիմել են ԼՀԿ-ին: Եվ ահա, եթե անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվեն և այսօր դիմումը մուտք արվի ՍԴ, ապա օրենքի դրույթների տարածումը կկասեցվի` մինչև ՍԴ-ի կողմից այն քննարկելը: Այսինքն, հենց այս կազմով ՍԴ-ի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ ընդդիմադիր ԼՀԿ Ն տվել է իր համաձայնությունը և այսօր կհայտարարեն այդ մասին ասուլիսի ժամանակ: Սակայն նկատենք, որ մինչև նախագահ Սարգսյանի կողմից այն ստորագրելը իշխանությունների ներկայացուցիչները փորձել են համոզել Մարուքյանին չդիմել ՍԴ, սակայն թերթի տեղեկություններով այդպես էլ չեն կարողացել:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԼՀԿ-ն 2 օր է՝ մինչ ուշ գիշեր բուռն քննարկումների մեջ է․ կարծիքները բաժանվել են երկու մասի։ Մի մասն ասել է` ճար չունենք, պիտի ստորագրենք ՍԴ դիմումը, մյուս` նիկոլամետ մասը, այդ թվում՝ Մարուքյանը, դեմ է:
ԼՀԿ-ում արդարանում են, թե «ԲՀԿ-ի ՍԴ դիմումը կազմել են Քոչարյանի փաստաբանները»։
«ՍԴ մեր դիմումի վրա աշխատել են բացառապես ԲՀԿ փորձագետներն ու իրավաբանները. առաջին անգամ եմ նման բան լսում»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:
ԼՀԿ-ականների հաջորդ պրետենզիան այն է, որ նույն օրը ՍԴ-ն հայտարարություն տարածեց, թե Քոչարյանի գործը քննվելու է հուլիսի 7-ին։
5․ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խիստ ուշագրավ հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասին: : Բանն այն է, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ «ընտրակաշառքի հայրենիքը» հենց Մարտունի քաղաքն էր, և այդ պատճառով փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց Մարտունու քաղաքապետից:
Եվ, ահա, Արմեն Ավետիսյանը թերթի հետ զրույցում հայտարարեց, թե երբևէ որևէ կուսակցության անդամ չի եղել և չի խառնվել ընտրական գործընթացների: Անդրադառնալով Հակոբ Հակոբյանին՝ Ավետիսյանը հայտարարեց. «Հակոբ Հակոբյանը որ կա, որ ընտրվել էր այն ժամանակ, ես առաջին քաղաքապետն եմ եղել, որ ասել եմ՝ նա իմ քաղաքի պատգամավորը չէ, նա կաշառքով է ընտրվել: Ես լսելով՝ նա ընտրակաշառք բաժանելով է դարձել պատգամավոր, զզվել եմ նրանից»: Այսպիսով, Մարտունու քաղաքապետը հաղորդում է տալիս հանցագործության մասին. ՀՀԿ-ական պատգամավորը ընտրակաշառք է բաժանել:
6․ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների ներսում հատկապես շատ ու հաճախակի են թիրախային քննարկումները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ կապված. ոչ միայն հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, այլև հենց իշխանության ոչ քիչ թվով ներկայացուցիչներ ուղղակի պահանջում են Մուկուչյանի հրաժարականը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը քանիցս բարձրացվել է Փաշինյանի մոտ, սակայն նա կտրուկ «բլոկել» է թեման և հորդորել այս շրջափուլում մոռանալ Մուկուչյանի թեման՝ հասկացնելով, որ նախ՝ մինչ Մուկուչյանը դեռ բավական հարցեր կան լուծելու, մյուս կողմից ՝ Մուկուչյանի ծառայություններն իրեն առաջիկայում անհրաժեշտ են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






